Մատչելիության հղումներ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը դիմել է ՄԻԵԴ


Քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք գործերով պաշտպան Երվանդ Վարոսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Վարոսյան գտնում է, որ խախտվել են իր իրավունքները՝ խոսքի ազատության և ազատ դատաքննության:

«Ազատության» հետ զրույցում Վարոսյանը պատմեց, որ երկու տարի առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել, ինչի համար Փաստաբանների պալատի խորհուրդը իրեն խիստ նկատողության է արժանացրել․ - «Այդ պահին դեռ չիմանալով որտեղից է քամին փչում, ընդամենը ենթադրելով՝ ընդհանրական գրառում էի կատարել, որ ինչ լավ է, որ որոշ պնդուկ ուղեղով չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են քո դեմ պատվիրում: Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես: Ինձ խիստ նկատողություն տվեցին նման գրառման համար: Փաստաբանների պալատի խորհուրդը որոշման մեջ գրել էր, որ «թեև ակնհայտ ոչ մեկին վիրավորող բան չկա պոստում ինքնին, բայց փաստաբանն առհասարակ նման բան պիտի չգրի»: Այսինքն, Փաստաբանների պալատը՝ ի դեմս Արա Զոհրաբյանի, իրականության զգացումը կորցրած, գտնում է, որ ինքը նաև մեր գրաքննիչն է»:

Իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը Վարոսյանը բողոքարկել է Հայաստանի դատական բոլոր ատյաններում: Ցանկալի արդյունքի չհասնելով՝ դիմել է ՄԻԵԴ, և համոզված է, որ գործը շահելու է։

«Ի վերջո Փաստաբանների պալատը կհասկանա, որ ինքը գրաքննող և դաստիարակչական գործունեությամբ զբաղվող մարմին չէ: Իսկ դատական համակարգի բարձրագույն ատյանի ղեկավարներն էլ կհասկանան, որ իրենք պետության ծառաներն են, այլ ոչ թե ինչ-որ անձի, անգամ իրենց ընկերոջ քմահաճույքները կատարողները», - նշեց Վարոսյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ պնդում էր, թե պալատը Վարոսյանին չի գրաքննել․ եղել է բողոք, որին ընթացք են տվել․ - «Կար կոնկրետ անձի բողոք՝ հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի բողոքը, որ այդ հոդվածների հետ ինքը կապ ուներ, և նա ասում էր, որ այդ խոսքերը, իր կարծիքով, վերաբերում են իրեն և իր նյութի տակ լայք դնող փաստաբանները, որոնք մեջ նաև կանայք և աղջիկներ, Երվանդ Վարոսյանը գրառում էր կատարել, որ «ինձանից հղիները լայքադրսևորվել են»: Գրիգորյանը գտնում է, որ դա վիրավորական է, և փաստաբանին վայել չէ: Կոնկրետ անձի դիմումի հիման վրա հարուցվել է կարգապահական վարույթ իմ կողմից, և ես այլևս այդ գործով չեմ զբաղվել: Դա խորհուրդն է քննել և խորհուրդն է որոշել պատասխանատվության ենթարկել»:

Արա Զոհրաբյանը խոսքով՝ պալատը որոշ դեպքերում կարող է միջամտել փաստաբանի կյանքին․ - «Անձնական կյանքում պալատը չի կարող միջամտել, բայց հանրային կյանքում և մասնագիտական կյանքում, այո, փաստաբանը պետք է իր վարքագծով չհակասի վարքագծի կանոնագրքին: Եվ դա ոչ միայն Հայաստանի Հանրապետության մոտեցումն է: Բոլոր զարգացած երկրներում նույնիսկ փաստաբանի անձնական կյանքն էլ է գտնվում վարքագծի կանոնագրքի տիրույթում: Մեզ մոտ էդպես չէ: Այսինքն, մենք հեծանիվ չենք հորինել․․․ Ես բան ու գործս թողած, չեմ ընկնում Ֆեյսբուքում տեսնելու փաստաբանները ինչ են գրում: Իրենք կարող են շատ ավելի բաներ գրել, շատ ավելի մեծ վիրավորանքներ անել, բայց եթե չկա բողոք կոնկրետ այդ փաստի վերաբերյալ, ապա պալատը որևէ բան չի կարող անել»:

Հարցին, թե արդյոք հայցում ֆինանսական պահանջներ ներկայացրել է, Վարոսյանը պատասխանեց․ - «Քանի որ այս փուլում այդ հարցը դեռ չի քննարկվում Եվրոպական դատարանում, դա հետագա փուլերի խնդիր է, այդ հարցը կորոշենք հետո»:

Երվանդ Վարոսյանը ակնկալում է, որ ուղարկված բողոքին Եվրադատարանը կարձագանքի առաջիկա տարվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG