Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 15 տոկոսը ձայն կտա հորինված թեկնածուին, եթե նրան սատարում է Պուտինը


«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումները նաև վկայում են՝ եթե չստեղծվի ֆորսմաժորային իրավիճակ, Պուտինի թեկնածությունն այսօր այլընտրանք չունի:

Ռուսաստանցիների շուրջ 18 տոկոսն առաջիկա նախագահական ընտրություններում պատրաստ է իր ձայնը տալ անհայտ մեկի օգտին, եթե այդ մարդուն սատարի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մանավորապես, նման արդյունք է արձանագրվել ռուսաստանյան «Լևադա» կենտրոնի՝ օգոստոսին անցկացրած հարցման արդյունքում։ Ընդ որում՝ հարցվածների 15 տոկոսը պատարստ է իր ձայնը տալ անգամ գոյություն չունեցող Անդրեյ Սեմյոնովի օգտին՝ երբևէ լսած չլինելով այդ անունը:

«Լևադա» կենտոնի սոցիոլոգ Դմիտրի Վոլոդովն ասում է, թե յուրահատուկ այդ հարցումը կազմակերպել են՝ հասկանալու համար, թե ինչքանով է Պուտինի հեղինակությունն ազդում ռուսաստանցի ընտրողի վրա։ Հետաքրքիր է, որ հարցվածների 11 տոկոսն ասել է, թե լսել է գոյություն չունեցող Սեմյոնովի մասին: «Նրանք չեն ստում»,- «Վեդոմոստիին» ասել է «Լևադա» կենտրոնի փորձագետ Կարինա Պիպիան, շարունակելով․ «Պարզապես նրանք չեն հետաքրքվում քաղաքականությամբ, իրենց համար բավարար է այն, որ այդ մարդուն աջակցում է Պուտինը»։

Ավելի վաղ «Լևդան» հորինել էր գոյություն չունեցող մի երիտասարդական կուսակցություն, որի վարկանիշը, հարցման համաձայն, ավելի բարձր է եղել, քան իրական կուսակցությունների վարկանիշը։ Օգոստոսին անցկացված հարցումը պարզել է նաև, որ 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում ռուսաստանցիենրի շուրջ 48 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Պուտինին: Վերջինիս իր ձայնը կտա ընտրություններին քվեարկելու հաստատ մտադրություն ունեցողների 60 տոկոսը:

«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումները նաև վկայում են՝ եթե չստեղծվի ֆորսմաժորային իրավիճակ, Պուտինի թեկնածությունն այսօր այլընտրանք չունի, թեև նրա աջակիցների թիվն 85 տոկոս չի կազմում, ինչպես ընդունված է կարծել։ Ըստ «Լևադա» կենտրոնի, առաջիկա նախագահական ընտրություններում հաստատ քվեարկելու մտադրություն է հայտնել ռուսաստանցիների միայն 27 տոկոսը։ Վերջերս ՌԴ մի շարք մարզերում կայացած ընտրությունները ևս վկայել են, որ ՌԴ քաղաքացիներն այսօր ընտրությունների նկատմամբ առնձնապես ակտիվ վերաբերմունք չունեն:

«Լևադա» կենտրոնի տվյալներով՝ Պուտինի հնարավոր մրցակիցներից Ռուսաստանի կումունիստների ղեկավար Գենադի Զյուգանովի օգտին պատաստ է քվեարկել հարցվածների 3 տոկոսը, սկանդալային Ժիրինովսկու և ընդդիմության ամենահայտնի առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի օգտին՝ 2-ական տոկոսը: Նշենք, որ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս պաշտոնապե չի հայտարարել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG