Մատչելիության հղումներ

Փաստաբանների գործադուլի պատճառով չկայացավ «Սասնա ծռերի» գործով դատական նիստը


Անցած ամռանը ոստիկանության պարեկապահակետային գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի դատավարությունն այսօր չկայացավ, 13 փաստաբաններ անսպասելիորեն գործադուլ հայտարարեցին, լքեցին նիստերի դահլիճն ու արժանացան հերթական սանկցիաների։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դահլիճում ներկա ամբաստանյալներին ասաց, թե նման վարքագծով փաստաբանները թերանում են նրանց պաշտպանելու հարցում:

«Բա էդ դեպքում էս մարդկանց պաշտպանությունը ո՞նց եք իրականացնելու: Ես մարդիկ հիմա ձեր կարիքը ունեն, պաշտպանվելու իրավունք: Ամեն օր էս շոգին գալիս են, գնում են․․․ Ի՞նչ անենք, հենց մտնենք դատական նիստ, ընդմիջո՞ւմ հայտարարենք: Այս վարքագիծը դատարանը դիտում է, որ այս պաշտպանները անհարգելի պատճառով չեն ներկայացել և չեն մտել դատական նիստերի դահլիճ», - ասաց Գաբրիելյանը:

Գործադուլի պատճառը, ըստ փաստաբանների, դատական կարգադրիչների անօրինական պահանջներն են։ Հերթական անգամ բախվելով զննություն-խուզարկություն թնջուկին, պաշտպաններ Մուշեղ Շուշանյանն ու Արայիկ Պապիկյանը չկարողացան մուտք գործել նիստերի դահլիճ։

Գործադուլ հայտարարելուց առաջ, դահլիճում ներկա փաստաբանները դատավորից պահանջեցին հրահանգել կարգադրիչներին ներս թողնել Շուշանյանին ու Պապիկյանին։ Նիստը նախագահողը մինչդեռ շարունակեց պնդել, թե փաստաբանները արհեստական խնդիրներ են ստեղծում նիստը տապալելու համար․ - «Ասել ա՝ ի՞նչ ա գրպանումդ, ասել ա՝ դրամապանակ, խնդրել են, որպեսզի դրամապանակը ցույց տա: Նա հրաժարվել ա, ասել են՝ էդ դեպքում ներս չենք թողնում: Ի՞նչ ա սա նշանակում․․․ 17 պաշտպաններ գալիս են դատական նիստին, երկու պաշտպանի համար միջնորդություն են ներկայացրել՝ քանի որ նրանք չկան, հետաձգենք»

Ավելի քան երեք ամիս առաջ սկսված «Սասնա ծռերի» դատավարությունն անգամ նախապատրաստական փուլից առաջ չի անցնում։

Այսօր գործադուլ հայտարարած փաստաբանները, որոնք նախորդ շաբաթ նույն պատճառով չէին ներկայացել նիստին, ընդհակառակը, դատավարության տապալման մեջ մեղադրում են դատավորին ու կարգադրիչներին:

«Պատճառաբանեցին, որ իմ պայուսակից ձայնային ազդանշաններ կա: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամենևին էլ իրենց համար կարևոր չի կա էդ ազդանշանը, թե չկա, խնդիր է դրված, որ ներս չթողնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբաններից մեկը:

«Ամեն անգամ նույն առիթով նրանց մուտքը արգելվում է: Իմանալով, որ նրանք որևէ արգելված իր իրենց պայուսակներում չունեն, փորձում են նվաստացնել մեր գործընկերներին: Դա արհեստական խոչընդոտներն են, որպեսզի նրանց վարույթից հեռացնեն և ներգրավեն հանրային պաշտպաններին», - հավելեց նրա գործընկերը:

Մուշեղ Շուշանյանը կարգադրիչների հետ անհամաձայնության պատճառով նիստերին ամենաշատը չմասնակցած փաստաբանն է: Նա պնդում է, որ իր մուտքը ապօրինաբար է խոչընդոտվում, և պաշտպանյալները ճիշտ են համարում իր գործողություններին․ - «Նրանք ասում են, որ դուք պետք է ձեր իրավունքները պաշտպանեք, չենթարկվեք դատական կարգադրիչների անօրինական պահանջներին: Ինչպես նաև դատարանի կողմից նշանակվող հանրային պաշտպաններին, որպես իրենց պաշտպաններ իրենք չեն ընդունում»:

Շաբաթներ առաջ խնդրին որոշակի լուծում տալու նպատակով դատարանների նախագահների խորհուրդը հրապարակեց այն իրերի ցանկը, որոնք արգելվում է տանել դատարան:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի համոզմամբ՝ իր մոտ այդ առարկաներից չկան, մինչդեռ կարգադրիչները նորից հրահանգում են բացել պայուսակը․ - «Ես նավի թիով կամ բիլիարդի կիով դատարան չէի գալու: Չեմ բերել սողուններ, թռչուններ: Որևէ արգելված իր չկա իմ պայուսակի մեջ: Բայց դա ամենևին չի հետաքրքրում ո՛չ դատավորին, ո՛չ էլ դատական իշխանությանը»:

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով: Փաստաբանները չեն բացառում, որ կշարունակեն գործադուլը՝ եթե գործընկերներից որևէ մեկին կրկին չթույլատրվի մուտք գործել դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG