Մատչելիության հղումներ

Իրավապահները ուժի գործադրմամբ Հանրապետության հրապարակից հեռացրել են ընդդիմադիր ակտիվիստին


Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանին այսօր առավոտյան ոստիկանությունը ուժով հեռացրել է Հանրապետության հրապարակի շատրվանների մոտից։ Նրան նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան և հեռացրել այն վայրից, որտեղ կայանված էին Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին մարզահամերգային համալիր տեղափոխող ավտոբուսները։

Ընդդիմադիր շարժման անդամը շարունակում էր գաղափարակիցների երեկվա բողոքի ակցիան՝ սփյուռքից ժամանած հյուրերին փորձելով տեղեկացնել, որ Հայաստանում, իր բնորոշմամբ, քաղբանտարկյալներ կան։

«Իրենք չեն ուզում, որ սփյուռքահայերը իմանան իրականությունը: Ես ընդամենը բացեցի Ժիրայր Սեֆիլյանի նկարով պաստառը և ասացի՝ սփյուռքահայեր, դուք գիտե՞ք, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ: Ասում էի և՛ անգլերեն, և՛ հայերեն, և այնտեղ մարդկանց ուշադրությունը գրավեցի», - ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում պատմեց Սիմոնյանը:

Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը անազատության մեջ է անցած տարվա հունիսից, այժմ ընթանում է նրա դատավարությունը: Համաձայն մեղադրական եզրակացության, ընդդիմադիր գործիչը զինված խմբեր է ստեղծել՝ ռազմավարական նշանակության շենքեր գրավելու համար, որպեսզի պետությանը պարտադրեր որոշակի գործողություններ:

«Ազատության» հետ զրույցում Սյուզան Սիմոնյանը նաև պնդեց, որ բռնի ուժով իրեն ոստիկանական ավտոմեքենան նստեցնելուց րոպեներ անց, հրապարակից հեռանալուց հետո ոստիկանները հեռախոսազանգ են ստացել՝ իրեն չտանել ոստիկանական բաժին, այլ իջնեցնել հենց փողոցի մեջտեղում․ - «Կին ոստիկանը ինձ ասում է՝ տիկին ջան, թյուրիմացություն է տեղի ունեցել, խնդրում ենք իջեք մեքենայից»:

Ընդդիմադիր ակտիվիստը պատմում է, որ արդեն Մատենադարանի մոտ ոստիկանական ավտոմեքենան կանգ է առել և իրեն հրահանգել են իջնել ավտոմեքենայից։ Ինքն ընդդիմացել է՝ պնդելով, թե չի իջնի, այլ պատրաստվում գնալ ոստիկանություն՝ բողոք ներկայացնելու: Բայց իրեն ուժով իջեցրել են ավտոմեքենայից․ - «Կանչեցին ոստիկանական մեկ այլ խումբ, և մի քանի հոգով ինձ քաշելով իջեցրեցին ավտոմեքենայից: Ընդ որում՝ խաբելով․ ասացին՝ մենք հիմա մեր սխալը ուղղելու համար, Ձեզ տաքսի կնստեցնենք և կուղարկենք տուն: Սակայն այդ տղամարդ ոստիկանները իջեցրին և անմիջապես այնպիսի արագությամբ նստեցին իրենց մեքենաները և փախան․․․ Ես կարծում եմ, որ իրենց մեջ վախ կա: Չեն ուզում մեծ աղմուկ լինի, որովհետև երեկ խայտառակ եղան․ այդ ԱԻՆ կոչվածը եկավ և ռումբ էր փնտրում: Եվ տեսան, որ ինչպիսի հանրային հնչեղություն ստացավ, և ծաղրանքի արժանացան: Հավանաբար որոշեցին, որ այնպես անեն, որ աղմուկ չլինի»:

Երեկ, հիշեցնենք, ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ու մարզահամերգային համալիրի մոտից բերման էր ենթարկել, ավելի ուշ ազատ արձակել 11 հոգու, ովքեր նույնաբովանդակ ակցիա էին իրականացնում:

Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ Սյուզան Սիմոնյանին պարզապես հեռացրել են անվտանգության գոտուց։ Ոստիկանության աշխատակիցը չպատասխանեց այն հարցին, թե ինչու է Հանրապետության հրապարակի շատրվաններին կից տարածքը, որտեղ այդ պահին տարբեր ավտոմեքենաներ, այդ թվում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսներ էին կայանած, ճանաչվել անվտանգության գոտի։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը քննադատում է ոստիկանության անցած երկու օրերի գործողություններն ու այսօրվա պարզաբանումը՝ շեշտելով, որ ոստիկանությունը իշխանության անվտանգության մասին արդեն բաց տեքստով է խոսում․ - «Եթե Սերժ Սարգսյանը այդ համաժողովում խոսում էր ժողովրդավարությունից, թափանցիկ գործելակերպից, արդարությունից, մարդու իրավունքներից, ոստիկանությանը մնում է ապահովել այդ հեքիաթային իրավիճակը Հայաստանում, և դիմում է իր իմացած մեթոդներին, որը և բռնությունն է: Նա պարզապես ապահովում է «ապահով Հայաստանի» տեսլականը, որ համաժողովի անդամները մտածեն, որ իրոք Հայաստանում հենց այն է, ինչպես նկարագրում է Սերժ Սարգսյանը»:

Ապօրինի որակելով ոստիկանության գործողություները՝ իրավապաշտպանը հիշեցնում է ամիսներ առաջ, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թեկնածու Զարուհի Փոստանջյանի դստեր դեպքը։ Ընտրախախտումների ահազանգի հետքերով գնալուց հետո ոստիկանությունը նրա դստերը՝ Լիլիթ Դրամփյանին նստեցրել էր ոստիկանական մեքենան, հետո, ըստ Փոստանջյանի, իջեցրել ճանապարհի կեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG