Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղ այցելեցին ԱՄՆ կոնգրեսականներ Փալոնը և Գաբարդը


ԱՄՆ կոնգրեսականներ Թալսի Գաբարդը և Ֆրենկ Փալոնը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում, Ստեփանակերտ, 20-ը սեպտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Թալսի Գաբարդը այսօր այցելել են Լեռնային Ղարաբաղ, որտեղ կառավարության պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են հանրապետության տնտեսական, ժողովրդավարական և մշակութային ակնառու առաջընթացին, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի օրենսդիրները եղել են մշակութային ու կրոնական կենտրոններում Շուշիում և մայրաքաղաք Ստեփանակերտում, այնուհետև ելույթներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում:

Կոնգրեսականներին ուղեկցել են նաև Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Ամերիկայի Հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան տարածաշրջանի մասնաճյուղի նախագահ Մարիա Մեհրանյանը:

«Ինչպես մեր կոնգրեսական բարեկամներն այսօր տեսնում են, Արցախը շատ ամերիկյան պատմություն է․ ազատ ժողովրդի հաղթանակը օտար իշխանության նկատմամբ, ժողովրդավարության արժանի և դժվար ձեռք բերված հաղթանակը բռնապետության նկատմամբ», - մասնավորապես հայտարարել է Համբարյանը:

Հիշեցնենք, երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղ էր այցելել նաև ամերիկացի մեկ այլ կոնգրեսական՝ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Վալըդեյոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG