Վրաստանի ընդդիմությունը պնդում է, որ երկրի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ներքաշված է փողերի լվացման մեջ: Երեքշաբթի օրը նման հայտարարությամբ հանդես եկան նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժման անդամները` փորձելով բողոքի ակցիա անցկացնել Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկի կենտրոնական գրասենյակի առջև:
«Այս շենքը չարիքի մի պալատ է, որտեղ լվացվում են ռուսաստանցի օլիգարխի փողերը: Այստեղ Իվանիշվիլիի ազգական Արչիլ Մամացաշվիլին ընկերություններ է գրանցում` պետական բյուջեից միլիոնավոր լարիներ ստանալով: Վրաստանի քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն, որ այստեղ լվացվում են ոչ միայն Բիձինա Իվանիշվիլիի սև գումարները, այլև ռուսաստանցի օլիգարխներինը», - հայտարարում էր Ազգային միացյալ շարժման անդամ Լևան Խաբեիշվիլին:
Իրավիճակը Իվանիշվիլիին պատկանող բանկի դիմաց է՛լ ավելի սրվեց, երբ ընդդիմադիրները փորձեցին շենքի ապակեպատ դռներին փակցնել մի պաստառ, որի վրա գրված էր` «Դուք աշխատում եք, նրանք` գողանում»: Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցարարների հետ վիճաբանության մեջ մտան բանկի հաճախորդներից մի քանիսը, որոնք դժգոհում էին, որ բողոքի ակցիայի պատճառով «Քարթու» բանկի աշխատանքները դադարեցվել էին: Ի վերջո, ոստիկանությունը ստիպված եղավ պատնեշ կազմել բանկի դիմաց՝ հետ մղելով մի քանի տասնյակ ընդդիմադիր ցուցարարներին:
«Վրացական երազանք»-ի կողմնակիցների համոզմամբ, սակայն, երեկվա բողոքի ակցիան միանշանակ նախընտրական նպատակներ էր հետապնդում` հոկտեմբերի 21-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շեմին: Այս վարկածի օգտին է խոսում այն հանգամանքը, որ Իվանիշվիլիին պատկանող բանկի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ամենաակտիվ մասնակիցների թվում էին Ազգային միացյալ շարժման կողմից Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված, մեծ ժողովրդականություն վայելող հեռուստահաղորդավար Զաալ Ուդումաշվիլին և քաղաքային խորհրդարանի` սակրեբուլոյի նախագահի պաշտոնին հավակնող Նիկա Մելիան: