Մատչելիության հղումներ

Հայաստանի ապագան մեծապես կախված է ԼՂ հարցի խաղաղ կարգավորումից․ ԱՄՆ կոնգրեսական


ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուն և Դեյվիդ Վալըդեյոն Հայաստանի ամերիկյան համալսարանում, 19-ը սեպտեմբերի, 2017 թ․
ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուն և Դեյվիդ Վալըդեյոն Հայաստանի ամերիկյան համալսարանում, 19-ը սեպտեմբերի, 2017 թ․

«Կոռուպցիան անընդունելի երևույթ է ամերիկյան ընկերությունների համար: Եթե դա կանխվի, նրանք [ամերիկացի գործարարները] չեն հապաղի և Հայաստանում բիզնես գործունեություն կծավալեն»: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ամերիկացի կոնգրեսական Աննա Էշուն:

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 6 հոգանոց պատվիրակությունն այսօր հայ պատգամավորների հետ քննարկումներ անցկացրեց Հայաստանի խորհրդարանում։ Կոռուպցիան, ըստ Աննա Էշուի, քննարկված հարցերից մեկն է եղել: Նրա խոսքով՝ հայ պատգամավորներն իրենց գնահատականները լսել են համակ ուշադրությամբ․ «Կարևոր է, որ ընկերն ընկերոջը ճշմարտությունն ասի: Մեզ՝ Հայաստանը սիրողների և Կոնգրեսում աջակցողների համար սա շատ լավ հնարավորություն էր՝ գալ այստեղ և քննարկում ծավալել այդ հարցերի շուրջ»,- ասաց Աննա Էշուն:

Նաս անդրադարձավ նաև ղարաբաղյան հարցին, հիշեցնելով այդ խնդրի հետ կապված ԱՄՆ-ի դիրքորոշումը, որն է՝ պետք է հարգել Մինսկի գործընթացն ու առաջ մղել այն: «Կարծում եմ, որ Հայաստանի ապագան մեծապես կախված է խաղաղ կարգավորումից, որովհետև այսօր Հայաստանը շրջափակման մեջ է: Դա վնաս է հասցնում ցանկացած երկրի: Ես կարծում եմ, որ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ Ցեղասպանությունը ճանաչելուց զատ, նույնքան կարևոր է ապագային նայելն ու հասկանալը, թե ինչը կուժեղացնի երկիրը: Եվ հարկ է առավելագույնն անել երկրի ու ժողովրդի համար: Ինչքան էլ որ դժվար լինի, կողմերը պետք է բանակցեն՝ խաղաղության հասնելու համար»,- շարունակեց ամերիկացի կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ խաղաղության հաստատումն անհնար չէ․ «Պետք է լինել լավատես, խաղաղության հաստատումն այնքան կարևոր է Հայաստանի համար, որ պետք է առաջ շարժվելու ներքին վճռականություն լինի, որպեսզի երկիրը բարգավաճի»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Վալըդեյոն երեկ այցելել է Ղարաբաղ։ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի հաղորդմամբ, Վալըդեյոն նպաստել է նաև Ղարաբաղի տարածքում ականազերծման ծրագրերի ֆինանսավորմանը: «Ազատության» հետ զրույցում կոնգրեսականն ասաց՝ անձամբ է խնդրել, որ իրեն ուղեկցեն։ Դեյվիդ Վալըդեյոյին չի մտահոգում, որ իր անունն էլ կարող է ներառվել ադրբեջանական հայտնի «սև ցուցակում»:

Ադրբեջանն ունի օտարերկրացիների՝ Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրացիների ցուցակ, որոնց մուտքը երկրի տարածք արգելված է։ Ցանկում նաև պաշտոնյաններ ու տարբեր երկրների օրենսդիրներ են ընդգրկված: «Դա նրանց ընտրությունն է՝ նման ցուցակներ կազմելը: Ես չեմ կարող անհանգստանալ դրա համար»,- ասաց կոնգրեսականը:

«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ-ի ատենապետ Մարիա Միհրանյանն էլ «Ազատության» հետ զույցում ասաց՝ Հայաստանի խորհրդարանում կայացած այսօրվա քննարկումների ժամանակ հայաստանցի պատգամավորները բարձրացրել են նաև ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը: Ծրագիրը Հայաստանում դադարեցվել էր 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո: Դադարեցման պաշտոնական պատճառաբանությունն էր՝ «մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողական վատթարացումը»:

«Տնտեսական որոշ տվյալներ են ճշտվում և հիմա, ըստ երևույթին, խոսակցություն եղավ, իհարկե, վստահ չէր ոչ ոք մասնակիցներից, որ եթե Հայաստանը նորից կարող է իրեն ներկայացնեի․․․ Որովհետև եթե տվյալ պայմանները էլ չկան, դու չես կարող ստանալ դա: Այդպես եղավ պատասխանը: Հարցը բարձրացվեց և խոսվեց, բայց լուծում չտրվեց, և չենք էլ սպասում», - ասաց Մարիա Միհրանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG