Մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց փաստաբանների բացակայութան պատճառով:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, անցյալ տարի հուլիսի 29-ին Անդրիաս Ղուկասյանը Սարի թաղում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, հորդորել է քարերով հարվածել ոստիկաններին, ինչի հետևանքով տուժել է մոտ 4 տասնյակ ոստիկան։ Զանգվածային անկարգություններ կազմակերպելուց բացի, ըստ մեղադրանքի, Ղուկասյանը Ազատության հրապարակից երթով դեպի Սարի թաղ շարժվելով՝ նպատակ է ունեցել միանալ ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին:
Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում այս մեղադրանքները։ Նախորդ նիստի ժամանակ նա դատարանում հայտարարեց, որ բարձրաստիճան ոստիկաններն անցյալ տարի սպառնացել են հաշվեհարդար տեսնել իր հետ, եթե ինքը շարունակի մասնակցել Սարի թաղում և Խորենացի փողոցում ընթացող բողոքի ակցիաներին։
Այսօր «Ազատության» հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանն ասաց, որ փաստաբաններն իրեն տեղյակ չէին պահել նիստին չներկայանալու մասին՝ ավելացնելով․ «Անդրիասն ամեն նիստին շատ լուրջ պատրաստվում է: Մի քանի օր առաջ հանդիպել եմ նրա հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ինձ հետ կիսվեց, ասաց, որ պատրաստ է նիստին, միջնորդություն պետք է ներկայացնի»,- ասաց Անահիտ Թարխանյանը:
Ենթադրվում էր, որ այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը պետք է անդրադառնար Ղուկասյանի ներկայացրած բազմաթիվ միջնորդություններից մեկին, որով վերջինս պահանջում է հետազոտել անցյալ տարվա հուլիսյան դեպքերի տեսանյութերը, որպես վկա ներգրավել իր հետ այդ օրերին բողոքի ակցիաներին մասնակցած քաղաքական գործիչներին։
«Շատ դժվար է թե՛ Անդրիասի, թե՛ ինձ համար: Մենք ուզում ենք, որ դատական պրոցեսն արագ ընթանա: Իհարկե, ցանկացած ձգձգում վրդովվեցնում է, բայց ցանկացած իրավիճակ ունի իր լավ ու վատ կողմը: Անդրիասը քաղաքական գործիչ է և երբ նա ընտրեց այդ ուղին, մենք գիտեինք, թե ինչի ենք գնում, ինչ դժվարություններ են մեզ սպասվում: Փորձում ենք ավելի հանգիստ վերաբերվել այդ ամենին: Ինչքան որ պետք է՝ կսպասենք, դատարանում ճշտմարտությունը բացահայտելու համար»,- Ազատության հետ զրույցում ասաց Անահիտ Թարխանյանը: