Մատչելիության հղումներ

«Անվտանգության խորհուրդը թերևս այս փուլում այլևս ոչինչ չի կարող անել: Եթե դիվանագիտությունը ձախողվի, խնդրի լուծումը ստիպված պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը կստանձնի», - CNN-ին ասել է ՄԱԿ -ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին:

Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը փորձել է և շարունակում է կիրառել բոլոր հնարավոր խաղաղ տարբերակները: Հեյլին նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեան ամբողջապես կկործանվի, եթե չհրաժարվի այս անխոհեմ կեցվածքից:

Նիքի Հեյլին ասել է, որ Հյուսիսային Կորեան պարտավոր է ամենայն լրջյությամբ ըմբռնել նախագահ Դոնալդ Թրամփի օգոստոսի 8-ի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ին կամ դաշնակիցներին սպառնալու դեպքում Փհենյանին սպասում է այնպիսի հուր և ցասում, որն աշխարհում և ոչ մի երկիր դեռ չի տեսել:

«Սա դատարկ սպառնալիք չէ: Մենք պատասխանատվությամբ ենք գործել, երբ Հյուսիսային Կորեան անպատասխանատու և անխոհեմ է եղել: Մենք փորձել ենք կիրառել բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները: Մենք Անվտանգության խորհրդում սպառել ենք բոլոր հնարավորութունները: Հիմա ես ուրախ կլինեմ այս գլխացավանքը փոխանցել գեներալ Մաթիսին, ով ունի ռազմական բազում տարբերակներ», - ասել է Հեյլին:

Ամերիկայի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը մի քանի առիթներով ասել է, որ Պենտագոնը կարող է մահացու հարված հասցնել Հյուսիսային Կորեային, սակայն ցանկացած պատերազմ ողբերգություն է, ուստի նպատակահարմար է հարցը լուծել դիվանագիտական եղանակով:

Փհենյանի թեման առանցքային տեղ կունենա Նյու Յորքում ՄԱԿ-ի 72-րդ Գլխավոր ասամբլեայի օրակարգում:

Հյուսիսային Կորեան այսօր հայտնել է, որ նոր պատժամիջոցները միայն կարագացնեն միջուկային զենքի զարգացման ծրագիրը: Փհենյանի այդ հաղորդագրությունը տարածել է Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության պաշտոնական լրատվական գործակալությունը:

Երեկ հարցի շուրջ մեկնաբանությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոեքս Թիլերսոնը․ - «Խաղաղ ճնշման ռազմավարությունը ենթադրում է չորս բացառում: Առաջին, մենք չենք ձգտում ռեժիմի փոփոխության: Երկրորդ, չենք ձգտում ռեժիմի տապալման: Երրորդ, չենք ձգտում Հյուսիսային և Հարավային Կորեայի արագ միավորման: Չորրորդ, մենք չենք ցանկանում զորք ուղարկել ապառազմականացման գոտուց հյուսիս»:

Ապառազմականացման գոտին Կորեական թերակղզին բաժանում է հյուսիսային և հարավային մասերի:

Թիլերսոնի փոխանցմամբ, այդ ռազմավարության նպատակը հարցի խաղաղ լուծման համար խոշոր միջազգային կոալիցիա կազմելն է, և Փհենյանի հարևաններ Ռուսաստանին և Չինանստանին հղել ուղերձ առ այն, որ դա ամբողջ աշխարհի միասնական ցանկությունն է: այն, ի դեպ, արտահայտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միաձայն ընդունված երկու բանաձևերում, որոնցով սահմանվել են աննախադեպ խիստ պատճամիջոցներ: Այդ ամենը արվել է մեկ նպատակով՝ պարտադրել Հյուսիսային Կորեային վերականգնել կառուցողական և արդյունավետ բանակցությունները:

«Եթե այնուամենայնիվ մեր դիվանագիտական ջանքերը ձախողվեն, կմնա ռազմական լուծումը: Այս ամենը երաշխավորված է չափազանց հզոր և վճռական ռազմական տարբերակով, բայց միանշանակ մենք խաղաղ լուծում ենք ուզում», - ասել է Թիլերսունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG