Մատչելիության հղումներ

«Բեռլինում կորցրել են հաշիվը՝ քանի անգամ են իրենց «դժբախտ դեսպանին» կանչել Թուրքիայի ԱԳՆ»


Գերմանիա -- Նիստ Բունդեսթագում, արխիվ
Գերմանիա -- Նիստ Բունդեսթագում, արխիվ

Գերմանիայի դեսպանը կրկին կանչվել է Թուրքիայի արտգործնախարություն՝ վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ: Պաշտոնական Անկարան առայժմ պատճառը չի բացահայտում, գերմանական «Շպիգելը», սակայն, պնդում է, թե դեսպան Մարտին Էրդմանի հետ այսօր երեկոյան կայանալիք հանդիպմանը թուրքական կողմը մտադիր է քննադատել Բունդեսթագում անցած տարի ընդունված բանաձևը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը չի հաստատել և չի հերքել այս տեղեկությունը, փոխարենն ընդգծել է՝ Բեռլինում արդեն կորցրել են հաշիվը, թե քանի անգամ են իրենց «դժբախտ դեսպանին» կանչել Թուրքիայի արտգործնախարարություն, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 1915 թվականի Եղեռնը դատապարտող բանաձևից հետո Թուրքիան ժամանակավորապես ետ էր կանչել Բեռլինից իր դեսպանին: «ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների միջև ճգնաժամն այն ժամանակ հաջողվեց մի փոքր հարթել միայն այն ժամանակ, երբ Գերմանիայի կառավարությունը հավաստիացրեց որ այդ փաստաթութղթը իրավական ուժ չունի»,- հաղորդում է dpa գործակալությունը:

Ավելի վաղ՝ անցած շաբաթ օրը, պաշտոնական Անկարան կրկին արտգործնախարարություն էր հրավիրել Գերմանիայի դեսպանին, այս անգամ՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակացության առաջնորդ, ազատազրկման մեջ գտնվող Աբդուլա Օջալանի օգտին Քյոլնում անցկացված հանրահավաքի կապակցությամբ: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ բազմահազարանոց այդ հավաքին ահաբեկչական քարոզչություն է իրականացվել, ինչին Գերմանիայի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել:

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո երկկողմ հարաբերություններում սկսված լարվածությունը մինչ օրս չի մարում: Թուրքիայի նախագահը Գերմանիայի իշխանություններին համեմատում է նացիստների ու ֆաշիստների հետ՝ պնդելով, թե նրանք Անկարայի թշնամիներն են: Կանցլեր Անգելա Մերկելն ու առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա հիմնական մրցակից, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցն էլ պնդում են՝ ներկայիս Թուրքիան անելիք չունի եվրոպական ընտանիքում, և Բրյուսելը պետք է դադարեցնի անդամակցության շուրջ բանակցությունները Անկարայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG