Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօրվանից մեկնարկում է 72-րդ Գլխավոր ասամբլեայի Քաղաքական բանավեճը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետք է ուղերձով դիմի մոլորակի ղեկավարներին: Նյու Յորքում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուշագրավ է, որ դեռ տասն օր առաջ ենթադրվում էր, որ Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդությամբ, տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ հանդիպումը նախատեսված է Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին: Նրա ադրբեջանցի պաշտոնակիցն էլ Բաքվում սեպտեմբերի 6-ին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հավաքի ընթացքում ասել է, որ հանդիպումն արդեն համաձայնեցված է:
«Կարծում եմ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ծրագիրը բոլորին հայտնի է»,- ավելացրել է Մամեդյարովը:
Մինչդեռ, երեկ Բաղրամյան 26-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Գլխավոր ասամբլեայում ՄԱԿ-ի ամբիոնից պետության ղեկավարը կխոսի:
Արդյո՞ք Գլխավոր ասամբլեայի շրջանակում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ այդ մասին տեղեկություն դեռ չկա, նշենք, սակայն, որ արտգործնախարար Նալբանդյանը նույնպես մեկնում է Նյու Յորք, և չկա տեղեկություն երկու նախարարների հանդիպումը չեղարկելու մասին, ուստի, հայ-ադրբեջանական քննարկումներ Նյու Յորքում այս կամ այն ձևաչափով հնարավոր են:
Սերժ Սարգսյանի ելույթը նախատեսված է այսօր 5-րդ և 6-րդ պլենար նիստերի ընթացքում, որոնք սկսվում են Երևանի ժամանակով երեկոյան ժամը 11-ին:
Իսկ մինչ այդ տեղի կունենա համաշխարհային քաղաքականության առումով թերևս ամենասպասված իրադարձությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջին անգամ ուղերձով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը: