Մատչելիության հղումներ

Վանաձորցին «ստվարաթղթե Պուտինով» գումար է վաստակում


Վլադիմիր Պուտինի և «Դե սպասիր» մուլտսերիալի հերոս գայլի ստվարաթղթե պատկերները վանաձորյան խաղահրապարակում
Վլադիմիր Պուտինի և «Դե սպասիր» մուլտսերիալի հերոս գայլի ստվարաթղթե պատկերները վանաձորյան խաղահրապարակում

Վանաձորցի Տիգրան Ստեփանյանը քաղաքի կայարանամերձ իր այգում գտնվող իր խաղահրապարակում տեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և խորհրդային հայտնի «Դե սպասիր» մուլտսերիալի հերոսներից գայլի մեծադիր թղթե ուրվապատկերները: Նպատակն այցելուների ուշադրությունը գրավելն է:

Ստեփանյանն ասում է՝ Պուտինի ստվարաթղթե նմանակին դեռ տարիներ առաջ է պատրաստել, Վանաձորի հրապարակում դրանով գումար է աշխատել։ «Նոր տարի էր գալիս, սոված էինք, չգիտեինք ինչ անել, սարքեցի մի հատ Պուտին, մի հատ Օբամա ու գնացի հրապարակ յոլկի տակը: Իրար կողքի կանգնացրել եմ, մեջտեղում մարդիկ 500 դրամով նկարվել են: Օբամայի գլուխը մի խումբ հարբած ջահելներ տվին ջարդին, ասին՝ դոլարը խի՞ ես թանկացրել»,- պատմում է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ վանաձորցիների շրջանում Պուտինի կերպարի նկատմամբ հետաքրքրություն կա, շատերն են մոտենում նրան․ «Մարդ կա, ասում ա՝ մարդուս տարար ետ չբերիր, մարդ կա՝ ասում ա՝ լավ տղայա։ Տարբեր ձևի էլի, նայած ում դարդը ոնց կկապվի...»:

Մանկական խաղահրապարակում Պուտինի ուրվապատկերը պատահականորեն նկատած վանաձորցի լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը երիտասարդ գործարարին, որպես քաղաքացի, հորդորեց Պուտինի փոխարեն հայ և ռուս հայտնի գրողների ուրվապատկերները տեղադրել։ Նաև համոզմունք հայտնեց, որ քաղաքացիները նրանց թղթե նմանակներով էլ կարող են հետաքրքրվել ու լուսանկարվելու ցանկություն ունենալ։ «Եթե մի մարդ իր քաղաքականությամբ իմ երկիրը հայաթափում է, այստեղ մնացածներին էլ ռուսացնելու ծրագի՞ր եք ուզում իրականացնել, ես դրա կերպարը չեմ ուզում տեսնել»,- ասաց լեզվաբանը:

Հարցին՝ ինչու՞ Հայաստանի նախագահի պատկերը չեք տեղադրում այգում, Տիգրան Ստեփանյանը պատասխանեց․ «Տպարանում ասեցի տպեք, վախեցան, ասին՝ ապեր, դու հո գիժ չես, կարող ա լավ բաներ չսպասվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG