Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մեկնարկել են հերթական թուրք-ադրբեջանական զորավարժությունները


Ադրբեջանցի զինծառայողները հերթական զորավարժության պահին, արխիվ
Ադրբեջանցի զինծառայողները հերթական զորավարժության պահին, արխիվ

Ադրբեջանում մեկնարկել են այս տարվա ընթացքում արդեն երրորդ լայնածավալ զորավարժությունները: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, մասնակցում է շուրջ 15 հազար զինծառայող, ավելի քան 150 միավոր զրահատեխնիկա, մոտ 120 հրետանա-հրթիռային կայանք և 20 միավոր ռազմական ավիացիա:

«Զորավարժություններում ընդգրկված են լինելու նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության համար նախատեսված սարքավորումներ և անօդաչու թռչող սարքեր»,- հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Զորավարժությունների ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կատարվելու են «Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման, մարտական համակարգման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունների ուսումնասիրման, որոնողա-փրկարարական միջոցառումների անցկացման, օդից հարվածներ հասցնելու միջոցով ցամաքային թիրախների ոչնչացման և այլ գործողություններ»:

Մինչև սեպտեմբերի 22-ը նախատեսված այս վարժանքների անցկացման վայրն ադրբեջանական իշխանությունները չեն հստակեցնում, նշելով միայն, որ դրանք ծավալվելու են «լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում»: «Թուրազ քարթալի 2017» զորավարժությունների հանդիսավոր բացմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ադրբեջանում Թուրքիայի դեսպան էրքան Օզորալը: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախարար Հասանովն իր ելույթը սկսել է երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խոսքով՝ «Ադրբեջան և Թուրքիա, մեկ ազգ, երկու պետություն»: Իսկ իր ելույթը Հասանովն ավարտել է Քեմալ Աթաթուրքի խոսքով՝ «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, Ադրբեջանի դժբախտությունը՝ մեր դժբախտությունը»:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը, խոսելով Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների կարևորության մասին, ընդգծել է՝ հերթական այս վարժանքները վկայում են երկու պետությունների ռազմական ներուժի հզորացման մասին:

Ադրբեջանում նախորդ երկու զորավարժություններն անցկացվել են ապրիլին (30 հազար զինծառայողի մասնակցությամբ) և հունիսին (23 հազար զինծառայողի մասնակցությամբ): Անցած օգոստոսին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ մեկ այլ զորավարժություն էլ Նախիջևանում էր կազմակերպել՝ հարուցելով հայկական կողմի դժգոհությունը:

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական լայնածավալ զորավարժություններն անցկացնում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման նախաշեմին: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG