Մատչելիության հղումներ

Ռուսաստանում չեն հանդարտվում «Մատիլդա» ֆիլմի շուրջ բորբոքված կրքերը


Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ Երկրորդի և բալետի պարուհի Մատիլդա Կսեշինսկայայի սիրավեպի մասին պատմող ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտիլի «Մատիլդա» գեղարվեստական կինոնկարի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Այսօր Ռուսաստանի փաստաբանների պալատը դիմել է Դաշնային խորհուրդ։ Փաստաբանները սենատորներին կոչ են արել ուշադրություն դարձնել ֆիլմի դեմ ագրեսիվ արշավի վրա: Դիմումում, մասնավորապես, նշված է, որ «Մատիլդա»-ի դեմ արշավ կազմակերպողներն արդեն այրել են Ալեքսեյ Ուչիտելի փաստաբան Կոնստանտին Դոբրինինի ավտոմեքենան, հարձակվել են Եկատերինբուրգի կինոթատրոններից մեկի վրա, որտեղ պետք է կայանար ֆիլմի ցուցադրությունը։

Այս արշավը ղեկավարում է Պետդումայի երիտասարդ պատգամավոր, Ղրիմի նախկին գլխավոր դատախազ Նատալիա Պոկլոնսկայան։ Նրան սատարում են ուղղափառ եկեղեցին և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք Նիկոլայ Երկրորդին սուրբ են համարում և անթույլատրելի են համարում «Մատիլդա»-ի ցուցադրությունը:

Ընդ որում, Պոկլոնսկայայի այս ագրեսիվ մոտեցումը արժանանում է Կրեմլի «մեղմ» քննադատությանը․ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, ասել է, թե անթույլատրելի է, որ Ռուսաստանի կինոթատրոնները հրաժարվել են «Մատիլդա»-ի ցուցադրությունից, քանի որ վախենում են, որ իրենց կինոթատրոնները կայրեն կամ կպայթեցնեն: Պոկլոնսկայային քննադատել է նույնիսկ Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ով ամենևին լիբերալ գործիչ չի համարվում:

«Մատիլդա»-ն կինոթատրոններում կսկսեն ցուցադրել հոկտեմբերի 26-ից:

Ավելի վաղ «Ֆորմուլա կինո» և «Սինեմա Պարկ» կինոթատրոնների ցանցերը, որոնք շուրջ յոթանասունհինգ կինոթատրոն ունեն Ռուսաստանի քսանութ քաղաքներում, հրաժարվել են ցուցադրել ֆիլմը՝ բացատրելով, որ սպառնալիքներ են ստացել և չեն ուզում վտանգել իրենց հանդիսատեսի կյանքն ու առողջությունը։

Ռուսական ինտերնետում այս արշավն արդեն կոչել են «ուղղափառ ահաբեկչություն»: Արշավը ռուսաստանյան հասարակությունը մի քանի մասի է բաժանել․ արշավին դեմ են արտահայտվում նույնիսկ այսօրվա իշխանություններին ավելի քան լոյալ մարդիկ, հենց իշխանությունների ներկայացուցիչները։

Հայտնի քաղաքագետ Ստանսլավ Բելկովսկին, օրինակ, ասում է․ - «Պետք չէ մոռանալ, որ ֆիլմը ֆինանսավորվել է պետական բյուջեից և «Գազպրոմի» կողմից, այսինքն Պուտինի մտերիմ մարդիկ են այն ֆինանսավորել, իսկ ֆիլմի պրեմիերան պետք է կայանա Սանկտ Պետերբերգի Մարիինյան թատրոնում, որի ղեկավարը Պուտինի մտերիմ Վալերի Գերգիևն է»:

Սրա հետ մեկտեղ Բելկովսկին հավելում է․ - «Արշավը կշարունակվի, քանի դեռ Պուտինը հստակորեն չի հորդորել վերջ տալ այս ագրեսիան, և միանգամից ամեն ինչ կվերջանա: Սակայն բոլոր այդ ուղղափառ խմբավորումներն ու կազմակերպությունները կշարունակեն իրենց գործունեությունը, քանի որ պետք են Կրեմլին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG