Նյու Յորքում հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Թե՛ Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան հանդիպման մասին կարճ հաղորդագրություններ են հրապարակել:
Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ հանդիպմանը քննարկվել է փոխգործակցությունը Սիրիայի ճգնաժամի, Մերձավոր Արևելքի խնդիրների և Ուկրաինայի արևելքում խաղաղության հասնելու Մինսկի համաձայնագրերի շուրջ:
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթի փոխանցմամբ, Թիլերսոնն ու Լավրովը վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ վերջ տալ Սիրիայում հակամարտությանը, բռնություններին, ինչպես նաև պայմաններ ստեղծել բանակցությունների ժնևյան գործընթացի առաջընթացի համար:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Թիլերսոն-Լավրով հանդիպումը կայացել է կիրակի օրը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) շրջանակներում: Սեպտեմբերի 19-25-ը անցկացվելու է ամենամյա գլխավոր քննարկումների նստաշրջանը:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփը առաջին ելույթն է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նախկինում նա քննադատել էր ՄԱԿ-ը՝ գտնելով, որ կազմակերպության բյուջեում անարդարացիորեն բարձր է Միացյալ Նահանգների մասնաբաժինը:
ԱՄՆ-ը ամենամեծ դոնորն է, և Վաշինգտոնը սպառնացել էր զգալիորեն կրճատել ֆինանսական հատկացումները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ասել էր, որ դա անլուծելի խնդիրներ կառաջացնի:
Անցած հունիսին ՄԱԿ-ը որոշեց կրճատել խաղաղապահ առաքելությունների ծախսերը: Գլխավոր ասամբլեան կողմ էր քվեարկել խաղաղապահ առաքելության տարեկան 8 միլիարդ դոլար բյուջեն 600 միլիոն դոլարով կրճատելու նախագծին:
Ակնկալվում է, որ սեպտեմբերի 18-ին մեկօրյա նիստում քննարկվելու է ՄԱԿ-ի բարեփոխումների հարցը: 120 երկիր և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստորագրել են բարեփոխումներին աջակցություն հայտնող փաստաթղթի նախագիծը:
Սեպտեմբերի 15-ի ճեպազրույցում Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսն ասել էր, որ Թրամփը այսօրվա նիստում աջակցություն է հայտնելու գլխավոր քարտուղար Գուտերեշի՝ բարեփոխումների ջանքերին:
«ՄԱԿ-ը, անտարակույս, ահռելի ներուժ ունի՝ իրականացնելու իր հիմնարար գաղափարները, սակայն միայն եթե ավելի արդյունավետ գործի», - նշել էր Սպիտակ տան խոսնակը:
Այսօր նաև պլանավորված են Դոնալդ Թրամփի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, աշխատանքային ճաշ լատինամերիկյան երկրների առաջնորդների հետ:
Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին կմասնակցեն աշխարհի 130 երկրների առաջնորդներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նստաշրջանին չի մասնակցելու՝ այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է: Նյու Յորք չի մեկնի նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում ընտրություններ են:
Հայաստանից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ակնկալվում է, որ Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Ըստ UN Journal-ի ներկայացրած օրակարգի՝ սեպտեմբերի 19-ի ցերեկային նիստում ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: