Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ից դուրս գալու՝ «Ելքի» հիմնավորումները համոզիչ չեն․ Փոխվարչապետ


Վաչե Գաբրիելյան, 18-ը սեպտեմբերի, 2017 թ․
Վաչե Գաբրիելյան, 18-ը սեպտեմբերի, 2017 թ․

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Վաչե Գաբրիելյանին հորդորում է գալ խորհրդարան և հիմնավորել իր մոտեցումը:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը բացասական է գնահատում Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս բերելու՝ ընդդիմադիր «Ելք» դաշինքի նախաձեռնությունը: Փոխվարչապետի համոզմամբ՝ «Ելքի» հիմնավորումները համոզիչ չեն:

««Ելքը» թող մանրամասն ներկայացնի, որովհետև ունի փաստաթուղթ, որն էկլեկտիկ է և հիմնավորումները լավագույնը չեն»,- այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց Գաբրիելյանը, հավելելով, որ միությունը լքելու դեպքում Հայաստանը կարող է «տնտեսական օգուտներ» կորցնել:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, մինչդեռ, միջազգային տնտեսական ինտեգրման նախարարին հորդորում է գալ խորհրդարան և հիմնավորել իր խոսքը: Նշենք, որ «Ելքը» հանդես է եկել խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով, որն, ըստ ընդդիմադիրների, եզրակացություն պետք է ներկայացնի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտների և վնասների մասին։ Իշխող Հանրապետականը, մինչդեռ, հայտարարել է, որ «Ելքի» նախաձեռնությունն արդեն իսկ տապալված է:

«Ես ակնկալում եմ Վաչե Գաբրիելյանի ելույթը ժամանակավոր հանձնաժողովի նիստերին, որով նա կհիմնավորի իր ասածները: Անգամ այդ հանձնաժողովի ստեղծել-չստեղծելն էլ այն բանի նշանը կլինի, թե որքանով են իրենք վստահ, որ մեր մոտեցումը հիմնավոր չէ և որքանով են պատրաստ պաշտպանել իրենց տեսակետը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը, հավելելով․

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր հանրային, քաղաքական գործիչ, ով համոզվածություն ունի, որ ճիշտ է, կարող է, պետք է և պարտավոր է հանրությանը ներկայացնել իր տեսակետը: Եթե իշխող ուժը մերժի նման հանձնաժողովի ստեղծումը, ուրեմն իրենք խուսափում են [իրենց տեսակետը ներկայացնել], որովհետև բոլոր ցուցանիշներն իրենց պնդումների հակառակն են խոսում, ուրեմն ասելիք չունեն: Եթե ունեն, թող ներկայացնեն իրենց հիմնավորումները»:

Մանե Թանդիլյանը շեշտում է՝ եթե իշխող ուժը մերժի ԵԱՏՄ ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ իրենց առաջարկը, միևնույն է, առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքով, ընդդիմադիր խմբակցությունը, անկախ իշխող մեծամասնության դիրքորոշումից, ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը կարող է քննարկման առարկա դարձնել խորհրդարանի լիագումար նիստում:

Քաղաքագետների համոզմամբ՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող «Ելք»-ի այս ծրագիրը կարող է ազդեցիկ լինել միայն այն պարագայում, եթե վայելի հասարակության լայն աջակցությունը։ Իսկ դրա համար, ըստ քաղաքագետների, ընդդիմադիրներն այդ հարցով քննարկումներ պետք է ծավալեն նաև խորհրդարանի պատերից դուրս:

Մանե Թանդիլյան, 18-ը սեպտեմբերի, 2017 թ․
Մանե Թանդիլյան, 18-ը սեպտեմբերի, 2017 թ․

Արդյո՞ք ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջով ընդդիմադիրը այս ուժը դուրս կգա փողոց: Այս հարցին ի պատասխան, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց՝ հանրահավաքները պետք է ոչ թե նպատակ լինեն, այլ գործընթացի հետևանք: Մինչև մարդկանց փողոց դուրս բերելը, նախ նրանց պետք է իրազեկել, ցույց տալ, թե ինչ կորցրեց Հայաստանն այդ միությանն անդամակցելուց հետո:

«Ու՞մ բերել փողոց, երբ մարդիկ տեղեկացված չեն անգամ, թե ինչից է զրկվել Հայաստանի Հանրապետությունը, հենց իրենք, իրենց երեխաներն ինչից են զրկվել, երբ Հայաստանը հայտնվեց ԵԱՏՄ-ում և հրաժարվեց ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրից: Առանց այս ամենի վերլուծության և մարդկանց գիտակցված պահանջարկի, նրանց՝ փողոցում հայտնվելն, ըստ էության, դառնալու է ինքնանպատակ եմ»,- ասաց Մանե Թանդիլյանը, հետևյալ օրինակը բերելով․

««Դեմ եմ» շարժման ժամանակ ե՞րբ տեղի ունեցան հանրահավաքները, երբ բոլորը գիտեին, մենք բավականաչափ իրազեկել էինք մարդկանց, թե ինչ է կատարվելու իրենց եկամուտների հետ: Ճանապարհը, որ մենք այժմ ընտրել ենք, հենց իրազեկման քայլերն են, այդ թվում հանձնաժողովի ստեղծումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG