Մատչելիության հղումներ

Աստղադիտարանի տնօրեն․ Կա խզում հասարակության և գիտության միջև


Սեպտեմբերի 18-ը՝ աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Աստղագիտության օր:

Մասնագիտական տոնի կապակցությամբ լրագրողներին ասուլիսի էր հրավիրել Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Աստղադիտարանի գլխավոր խնդիրները միջազգային հարթակում են ավելի կարևոր այսօր: Հայաստանում առանձնապես շատ խոշոր փոփոխությունների գիտության մեջ չկան», - ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ առանց արտասահմանյան գործընկերների հիմնարար գիտությունների ոլորտում լուրջ գիտական արդյունքների հասնելու համար պետությունը պիտի կարողանա լուրջ ներդրումներ անել: Մինչդեռ, գաղտնիք չէ, որ թե՛ մշակույթի, թե՛ կրթության և թե՛ գիտության ոլորտում տարեցտարի նվազում է պետական ֆինանսավորումը․ - «Բայց դա, միևնույն է, էական չի: Հիմնականում մենք պետք է փորձենք լրացուցիչ լծակներ օգտագործել»:

Արեգ Միքայելյանը համոզված է, որ մեր պետությունը գիտության զարգացման համար անում է իր հնարավորությունների սահմաններում առավելագույնը․ - «Միշտ էլ Հայաստանը բարձր մակարդակով ներկայացնում ենք, և դա մեր հպարտությունն է, որ մենք ունենք գիտություն: Աշխարհում գոյություն չունի այնպիսի փոքր պետություն, ինչպիսին Հայաստանն է․․․ որ այսպիսի մակարդակի գիտություն ունի: Հայաստանը բացառիկ երկիր է այս առումով: Եվ դա մեր առավելությունն է, դա մեր, եթե կուզեք, հաղթաքարտն է»:

Նրա խոսքով, հասարակությունը հաճախ անտեղյակ է գիտական նվաճումներից․ - «Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ միշտ եղել է խզում: Կար խզում և կա խզում հասարակության և գիտության միջև: Հասարակությունը այդքան էլ լավ չի պատկերացնում, թե գիտություն ինչի համար է, կամ ինչ օգուտ կա դրանից, կամ ինչ են անում այսօրվա գիտնականները: Այսօր ներկայացնում են, որ Անգլիայում, Գերմանիայում կամ Ամերիկայում էսպիսի հայտնագործություն է եղել, բայց նման հայտնագործություններ մեզ մոտ էլ են լինում անընդհատ»:

Բյուրականի աստադիտարանի տնօրենը փոխանցեց, որ այժմ աստադիտարանն ունի 43 գիտաշխատող՝ ներառյալ ասպիրանտներին․ - «Դա փոքր թիվ է, բայց երբ որ մի քանի ամիս առաջ ես ստանձնեցի ղեկավարությունը, այդ թիվը իջել էր մինչև 38-ի: Հիմա մի փոքր աճեցրինք երիտասարդների շնորհիվ: Միջին աշխատավարձը, հարկերն էլ մեջը, մոտ 100 հազար է, բայց սա բազայինն է՝ այն, որ ստանում են գիտաշխատողները մշտապես՝ անկախ իրենց ակտիվությունից: Բացի դրանից, թեմատիկ ֆինանսավորում կա, բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականների հավելավճարներ: Մենք ունենք առնվազն երեք լրացուցիչ նախագիծ, որի շրջանակներում մասնակցում են հիմնականում երիտասարդները և լրացուցիչ վարձատրվում են: Ի վերջո, մի չորս-հինգ աղբյուրից ստանում են, և ես առանց ամաչելու կարող եմ ասել, որ մեր մոտ որևէ երիտասարդ չկա, որ 200 հազարից պակաս աշխատավարձ ստանա: Հիմնականում 200-250 հազարի կարգի են ստանում, որը բավական բարձր է հանրապետության համար»:

Միքայելյանն նշեց, որ նոր աստղադիտարանը նոր սարքավորումների կարիք ունի․ - «Մենք տեխնիկական հագեցվածությամբ են հիմա շատ կաղում: 86 թվականից սկսած, երբ որ մեծ դիտակը տեղադրվեց, այլևս խոշոր ներդրում այնտեղ չի արվել: Փոքր-փոքր տարբեր հնարավորություններ օգտագործել ենք․ առանձին սարքեր, կամ ինչ-որ արդիականացում, արվել են: Բայց գիտությունը հիմա պահանջում է մեծ ներդրումներ հենց տեխնիկական իմաստով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG