Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանը դարձյալ հացադուլի մեջ է


Հայկ Կյուրեղյանը դատարանում, արխիվ
Հայկ Կյուրեղյանը դատարանում, արխիվ

Դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն արդեն 6-րդ օրն է հացադուլի մեջ է։ «Ազատության» հետ զրույցում նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը պատմեց, որ որդու հետ կարճ հեռախոսազրույց է ունեցել 3 օր առաջ, հասցրել է միայն լսել, որ նա հացադուլ է սկսում՝ բողոքելով իշխանության դեմ:

Ազատազրկված ակտիվիստին այսօր տեսակցել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ ֆեյսբուքյան էջում «Ելք» խմբակցության ղեկավարը նշել է․ «Հայկ Կյուրեղյանը Անկախության օրվան ընդառաջ սեպտեմբերի 13-ից հացադուլի մեջ է, իր բնորոշմամբ՝ որպես դիմադրություն Անկախության թշնամիներին»։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն «Ազատությանը» հայտնեց, որ Կյուրեղյանը տեղափոխվել է հատուկ խուց, առողջական վիճակի մասին տեղեկություն չունեն, օրը ոչ աշխատանքային է: Պաշտոնյան նշեց նաև, թե հացադուլի հայտարարման դիմումի մեջ Կյուրեղյանը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել:

Հայ Կյուրեղյանի հայրը, մինչդեռ, պնդում է, որ որդին առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը սահմանափակվում է միայն բժշկական հետազոտություններով։ «Առողջական խնդիրներ ինքը վաղուց ունի, բազմաթիվ անգամ այդ մասին ահազանգեր են եղել, բայց մեկ անգամ բանտում կարդիոգրամա անելուց բացի ուրիշ ոչ մի բան օգնություն ցույց չի տրվել: Ես դա համարում եմ մարդու խոշտանգում»,- ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը:

Հացադուլի հայտարարումից հետո Կյուրեղյանին է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը: ՄԻՊ աշխատակազմից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ առանձնազրույց են ունեցել Կյուրեղյանի հետ, նրա առողջական վիճակի հետ կապված արդեն գրություն է ուղարկվել արդարադատության նախարարություն։

Հայկ Կյուրեղյանը նախկինում ևս մի քանի անգամ դիմել է բողոքի այս ծայրահեղ միջոցին: 2015 թվականին նա 27 օր շարունակ հրաժարվում էր սնունդ ընդունել՝ պահանջելով իրեն առանձին խուց տեղափոխել: Նրա հայրը քիչ հավանական է համարում, որ այս անգամ հացադուլի պատճառներից կարող են լինել նաև կալանավայրում առկա խնդիրները․

«Նա հիմա Արմավիր ՔԿՀ-ում է և առանձին խցում, իր մոտ ոչ ոք չի կարող մտնել, միայն իշխանության ներկայացուցիչները: Եթե որևէ բան է եղել, ուրեմն պատասխանատուն դարձյալ իշխանություններն են, Սերժ Սարգսյանն է պատասխանատու, որովհետև այս երկրում, այս բանտերում ճանճն առանց իր հրահանգի չի տզզում»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը:

33-ամյա երիտասարդը ճաղերի հետևում հայտնվեց 2014 թ․ հունիսին, Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին բողոքի ակցիա իրականացնելուց հետո։ Թեև Կյուրեղյանի օդամղիչ ատրճանակից արձակված կրակոցներից ոստիկանները թեթև մարմնական վնասվասվածքներ էին ստացել, 2015 թ․ սեպտեմբերին Կենտրոնի դատարանը նրա նկատմամբ խիստ պատիժ սահմանեց, դատապարտելով 9 տարվա ազատազրկման։

Հավելենք, որ Կյուրեղյանի երկու հարազատ եղբայրները՝ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները նույնպես ճաղերի հետևում են, «Սասնա Ծռեր» զինված խմբի կազմում անցալ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը մասնակցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG