Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը Թուրքմենստան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ ներկա գտնվելու երեկոյան մայրաքաղաք Աշգաբատում կայանալիք Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու և Աշգաբատ ժամանելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բարձր մակարդակով կազմակերպված Ասիական խաղերը հաջողությամբ կանցկացվեն և համահունչ կլինեն խաղերի կարգախոսին: Թուրքմենստանի նախագահը կարևորել է սպորտի և օլիմպիական շարժման դերը միջպետական կապերի ամրապնդման, ժողովուրդների միջև բարեկամության ու փոխըմբռնման հասնելու տեսանկյունից: Նախագահ Բերդիմուհամդովի համոզմամբ, դա կօգնի նաև ՄԱԿ-ին` հաջողությամբ կյանքի կոչելու կայուն զարգացմանը միտված համընդհանուր ռազմավարությունը:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-թուրքմենական հարաբերություններին և տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկայի և տրանսպորտի, փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել բարձր մակարդակով Երևանում կայացած վերջին հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Երկկողմ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը, այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ միասին, կհյուրընկալվի Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատում, որտեղ Թուրքմենստանի նախագահի կողմից կկազմակերպվի ընդունելություն:

Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Աշգաբատի Օլիմպիական մարզադաշտում: Օլիմպիական գաղափարախոսության համաձայն անցկացվող այդ խաղերին մասնակցում են վաթսունհինգ երկրից հինգ հազարից ավելի մարզիկներ, ովքեր իրենց ուժերը չափելու են քսանմեկ մարզաձևերում: Ասիական հինգերորդ խաղերն անցկացվում են «Առողջություն, ներշնչանք, բարեկամություն» խորագրի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG