Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել «Զապադ» զորավարժությունների կապակցությամբ


ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի ղեկավար Պետր Պավել

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան գեներալներից մեկը մտահոգություն է արտահայտել Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Զապադ 2017» զորավարժությունների կապակցությամբ՝ դա պատճառաբանելով Մոսկվայի կողմից թափանցիկության բացակայությամբ:

Գեներալ Պետր Պավելը, ով ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի ղեկավարն է, «Ասոշիեյթեդ փրեսին» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ զորավարժությունները կարող են «անկանխատեսելի հետևանքներ ունենալ հնարավոր միջադեպերի պատճառով»:

Արևմտյան մի շարք երկրներ՝ այդ թվում Ֆրանսիան և Գերմանիան, դատապարտել են այդ զորավարժությունները, պնդելով, թե «Մոսկվան ձգտում է ռազմական ուժ ցուցադրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ»:

Ռուս-բելառուսական վեցօրյա համատեղ զորավարժությունները նախատեսված են մինչև սեպտեմբերի 20-ը, դրանք տեղի կունենան Բելառուսում և Ռուսաստանի Կալինինգրադի մարզում:

Մոսկվան և Մինսկը պնդում են, որ «Զապադ» զորավարժություններին մասնակցելու է 12,700 զինծառայող, մինչդեռ գեներալ Պետր Պավելը նույն հարցազրույցում հայտարարել է, որ իրականում դրանց կարող է մասնակցել մինչև 100,000 զինծառայող:

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ զորավարժությունները ուղղված չեն ՆԱՏՕ-ի դեմ և «ՆԱՏՕ-ն թշնամի չի համարվում»:

Իր հերթին ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ զորվարժությունների ընթացքը դիտարկելու համար երեք ներկայացուցիչ կուղարկի Բելառուս և Ռուսաստան, սակայն կոչ է արել Մոսկվային թույլ տալ ավելի մեծ թվով դիտորդների ներկայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG