Մատչելիության հղումներ

«Հաարեց». Լապշինի արտահանձնման լուրը զարմացրել է Իսրայելի ԱԳՆ-ին


Բլոգեր Ալեքսանդր Լապշին, արխիվ
Բլոգեր Ալեքսանդր Լապշին, արխիվ

«Ես ինքնասպանություն չեմ գործել, ընդհակառակը բանտարկյալներն էին սպառնում ինձ», – իսրայելական «Հաարեց» օրաթերթի հետ զրույցում ասել է օրերս Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած և Իսրայել արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանի դատարանի վճռով երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել տարիներ առաջ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով սեպտեմբերի 11-ին ներում էր ստացել, սեպտեմբերի 14-ին մոր՝ Բելլա Լապշինայի ուղեկցությամբ է ժամանել Իսրայել:

«Հաարեց»-ի փոխանցմամբ՝ Լապշինի ընտանիքը դիմավորել էր նրան հենց ինքնաթիռի մոտ: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգերը հերքել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի այն հայտարարությունը, թե ինքը բանտում ինքնասպանության փորձ է կատարել։

«Բաքվում առաջին օրվանից անընդհատ բանտարկյալները սպառնում էին ինձ հետ հաշվեհարդար տեսնել», - ասել է նա։

Այսօր էլ իր բլոգում կատարած գրառման մեջ Լապշինը հայտնել է, որ սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվել, որից հետո հայտնվել է Բաքվի հիվանդանոցում։

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, «Հաարեց»-ի հետ զրույցում ասել են, թե Լապշինի համաներման մասին լուրը զարմացրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությանն ու Բաքվում Իսրայելի դեսպանատանը։ «Նրանք ասում են, թե դեսպանատան աշխատակիցները այդ մասին տեղեկացել են ադրբեջանական մամուլից»,- գրում է պարբերականը։

«Իսրայելցի պաշտոնյաների կարծիքով, Լապշինին համաներում շնորհելու պատճառը ինքնասպանության փորձն ու ադրբեջանական կառավարության վախն էր, որ Բաքվի բանտում իսրայելցի բլոգերը կմահանա»,- նաև գրում է թերթը։

Սեպտեմբերի 11-ին մեկնաբանելով Լապշինի համեներման մասին անակնկալ լուրը՝ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն վաղուց էր պատրաստ բլոգերին արտահանձնել Իսրայելին, սակայն, գործընթացը ձգձգվել է այդ երկրի իշխանությունների մեղքով:

«Արդյունքում տհաճ միջադեպ արձանագրվեց, Լապշինը կալանավայրում ինքնասպանության փորձ է արել, որը, սակայն, կանխվել է բանտապահների զգոնության շնորհիվ»,- ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG