Մատչելիության հղումներ

Ռումբերի տեղադրման մասին կեղծ ահազանգեր ողջ ՌԴ տարածքում, տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ


Ռուսաստանյան ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը, Դաշնային անվտանգության ծառայության հրահանգով, չեն մեկնաբանում ռումբերի տեղադրման մասին բազմաթիվ ահազանգերը։

«Վեդոմոստին» գրում է, որ դա արվում է հնարավոր խուճապից խուսափելու համար։ Սակայն արդեն տեղեկություններ են ստացվում նման միջադեպերին առնչվող առաջին կասկածյալների մասին: Մասնավորապես, մերձմոսկովյան Վոլոկոլամսկում ձերբակալվել է 17-ամյա մի բնակիչ, ով հայտնել էր, թե քաղաքային սպորտպալատում ռումբ է տեղադրված։ Դպրոցականին հաջողվել է ձերբակալել, քանի որ վերջինս զանգահարել է, օգտվելով հեռախոսակապից: Մնացյալ ահազանգերը հաղորդվել են համացանցի միջոցով:

Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներից մեկն ասել է, թե ահաբեկչության մասին կեղծ ահազանգերի այս արշավի նպատակն իշխանությունների դեմ բողոքի ալիք բարձրացնելն է։ Միան երեկվա ընթացքում Մոսկվայում ավելի քան 40 հազար մարդ է տարհանվել պայթյունների սպառնալիքների մասին ահազանգերից հետո, այդ թվում՝ բուհերից տարհանվել են ուսանողներ, դպրոցներից՝ մեծ թվով աշակերտներ: Սանկտ Պետերբուրգում շուրջ 20 հազար մարդ է տարհանվել: Նման ահազանգեր են ստացվել նաև Ռուսաստանի Վլադիվոստոկ, Օմսկ, Իրկուտսկ, Խաբարովսկ, Ստավրոպոլ, Պերմ և Կազան քաղաքներում:

Ողջ երկրում տարհանվածների թիվը կազմել է մոտ 130 հազար: Այսօրինակ ահազանգերը սկսել են ստացվել սեպտեմբերի 10-ից։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե նախագահ Պուտինը տեղյակ է դրանց մասին, ուժային կառույցներն էլ ամեն ինչ անում են՝ մեղավորներին գտնելու համար:

«Ռիա նովոստին» հղում անելով իր աղբյուրներին, գրում է, թե ռումբերի տեղադրման մասին կեղծ ահազանգերը կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Արդեն կան մարդիկ, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Նրանց ինքնությունը, սակայն, չի հրապարակվում՝ հետաքննությանը չխոչընդոտելու համար։ «Ինտերֆաքսի» աղբյուրների պնդմամբ էլ՝ նշված ահազանգերը հիմնականում ստացվել են են Ուկրաինայի տարածքից, ինտերնետի միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG