Մատչելիության հղումներ

Լոնդոնի մետրոյում պայթյուն է որոտացել, հիմնական վարկածն ահաբեկչությունն է


Ոստիկանները պարեկություն են անում մետրոյի Parsons Green կայարանի մոտ, Լոնդոն, 15-ը սեպտեմբերի, 2017 թ.
Ոստիկանները պարեկություն են անում մետրոյի Parsons Green կայարանի մոտ, Լոնդոն, 15-ը սեպտեմբերի, 2017 թ.

Սա Մեծ Բրիտանիայում 2017 թվականի ընթացքում տեղի ունեցած թվով 5-րդ ահաբեկչական գործողությունն է:

Այսօր առավոտյան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հարավ-արևմտյան շրջանում՝ մետրոյի Parsons Green կայարանում պայթել է, ականատեսների վկայությամբ, «մի սպիտակ կոնտեյներ»:

Կան տուժածներ, մարդիկ հիմնականում այրվածքներ են ստացել, նրանց թվում՝ նաև երեխաներ: Բացի այդ, պայթյունը խուճապ է առաջացրել, ուղևորներն անմիջապես փորձել են դուրս վազել վագոնից, նրանցից մի քանիսը հրմշտոցի հետևանքով վնասվածքներ է ստացել:

«Ես հզոր պայթյուն լսեցի գնացքի դիմացի կողմի դռներից, կրակի գունդը հասավ գլխիս, բոլորը դուրս նետվեցին, ահավոր խուճապ էր»,- ասել է ականատեսը Sky News-ի թղթակցին: Լոնդոնի ոստիկանության փոխհանձնակատար Մարք Ռոուլին, ով ղեկավարում է հակաահաբեկչական հրամանատարությունը, հաստատել է, որ հիմնական վարկածն ահաբեկչությունն է: «Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8:20-ին, մետրոյի Parsons Green կայարանում, մենք ենթադրում ենք, որ պայթել է ինքնաշեն սարք: Դեպքի վայրը շրջափակված է, հետաքննությունը շարունակվում է»,- ասել է ոստիկանության պաշտոնյան:

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը հայտնել է, որ ընդհանուր հաշվով տուժել է 22 մարդ, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունից հետո մետրոյի Earl's Court-Wimbledon գիծն անմիջապես փակել են, Parsons Green-ում զինված ոստիկաններ են շրջում, ներկա են հրշեջներ, շտապօգնության մեքենաներ և փորձագետներ, ովքեր պարզում են, թե ինչ տեսակի նյութ է եղել կոնտեյներում: Արդեն հայտնի է, որ դրանում տեղադրված է եղել նաև ժամացույցով աշխատող պայթուցիչ:

Սա Մեծ Բրիտանիայում այս տարվա ընթացքում տեղի ունեցած թվով 5-րդ ահաբեկչական գրոհն է: Մարդկանց խուճապը և վտանգից հեռու փախչելու բնազդը, թերևս, հասկանալի է: «Մարդիկ մեկը մյուսի վրայով էին անցնում, ամեն մեկն իր փրկվելու մասին էր մտածում: Աղջկան, ում հետ մետրոյում էի, ոտնատակ արեցին»,- պատմել է ականատես Լյուք Ուոմսլը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ այսօր գումարում է Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: Նախարարներն ու բարձրաստիճան ուժայիններն արդեն հավաքվել են կառավարության գրասենյակում: Վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել տուժածներին և գովեստով է խոսել դեպքի վայրում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանների ու բժիշկների մասին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարար Բորիս Ջոնսոնը կառավարության նիստից առաջ զսպվածության կոչով է դիմել հայրենակիցներին: «Ցավոք, այս պահին շատ ինֆորմացիա չունեմ, կարևոր է խուսափել շահարկումներից, մարդիկ պետք է հանգստություն պահպանեն, պետք է վերադառնանք բնականոն կյանքին»,- ասել է Ջոնսոնը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած այսօրվա հարձակումը և ուղերձ է տեղադրել «Թվիթերի» իր էջում: «Ողորմելի ահաբեկիչների կատարած ևս մեկ գրոհ Լոնդոնում: Դրանք հիվանդ ու խենթ մարդիկ են, ովքեր Սքոթլանդ Յարդի (Լոնդոնի ոստիկանության կենտրոնակայանի ոչ պաշտոնական անվանումը) ուշադրության կենտրոնում են: Այն պետք է ավելի աչալուրջ լինի»,- գրել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG