Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի գործով դատավարությանը շարունակվում է վկաների հարցաքննությունը


Հայաստանում իշխանությունը յուրացնելու փորձ կատարելու մեղադրանքով ազատազրկված Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը 1.5-2 մլն դրամ արժողությամբ մեծաքանակ զինվորական համազգեստ, գոտի, գլխարկ, թևնոց, դիմակ, «Հատուկ գումարտակ» գրությամբ կրծքանշաններ և այլ պարագաներ գնելիս ասել է, որ դրանք իրեն հայրենասիրական ֆիլմ նկարահանելու համար են անհրաժեշտ:

Այս մասին այսօր զինված խմբի գործով դատական նիստին հայտարարեց գործով վկա, «Կամբատ» զինվորական համազգեստների խանութի տնօրեն Արմեն Մովսիսյանը: Պատասխանելով դատավորի, մեղադրող դատախազի ու փաստաբանների հարցերին՝ նա ասաց, որ դահլիճում ներկա բոլոր ամբաստանյալներից ճանաչում է միայն Արթուր Վարդանյանին և Նելլի Մինասյանին՝ որպես հաճախորդ:

Այսօր ցուցմունք տվեց նաև Նորք-Մարաշում Արթուր Վարդանյանի վարձակալած առանձնատան տիրուհին: Հենց այդ առանձնատանն էր Ազգային անվտանգության ծառայությունը վնասազերծել խմբի անդամներին՝ ծանր տեխնիկայով կոտրելով տան դարպասն ու պատուհանները:

Շողիկ Հախվերդյանը դատարանում հայտարարեց, որ վնասազերծումից հետո իր տունն ամբողջովին ավերվել էր․ դարպասը կոտրած է եղել, պատերն ու մանրահատակը վնասված և այլն: Ասաց, որ խմբի անդամներին չի ճանաչել, տունը վարձակալության է հանձնել միջնորդի միջոցով: Տունը վարձակալության հանձնելիս տեսել է Արթուր Վարդանյանին ու երեք կանանց՝ ամբաստանյալներ Նելլի Մինասյանին, Ասյա Մկրտչյանին և Մարինե Կաթանյանին, ով, Հախվերդյանի փոխանցմամբ, ներկայացել է որպես Արթուր Վարդանյանի հաշվապահը:

«Ես ոչ մի կապ չեմ ունեցել, համար չեմ ունեցել Արթուր Վարդանյանի: Ինձ տվել են Մարինեի հեռախոսահամարը, որովհետև, ասացին, որ Մարինեն հաշվապահն է, բոլոր գումարային հարցերով նա է զբաղվում: Էդ օրը պետք է դուրս գային՝ նոյեմբերի 25-ին, ինձ զանգահարեց Մարինեն, ասեց, որ Արթուրը խնդրում ա, որ մի չորս օր երկարացնեք: Ասացի՝ լավ: Ու հենց էդ օրը, որ իրենց ժամկետը լրացավ, դեպքը կատարվեց հենց այդ օրը լուսադեմին», - պատմեց Հախվերդյանը:

Այսօր ցուցմունք տվեցին նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արդեն նախկին աշխատակիցները: Եթերի նախկին թողարկիչ Հարություն Մեհրաբյանն ասաց, որ թեև եթեր հեռարձակման բաժին կողմնակի անձանց մուտքն արգելված է, այդուհանդերձ իրենց գործընկեր, այժմ արդեն ամբաստանյալ Արման Հայրապետյանը մի աղջկա հետ մտել է այդտեղ: Ըստ ԱԱԾ-ի, հիշեցնենք, Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։

Դատարանում հրապարակված նախնական ցուցմունքների համաձայն՝ Հ1-ի նախկին աշխատակից Արման Հայրապետյանը տարածքին ծանոթացնելու նպատակով իր նախկին աշխատավայր էր տարել Մարինե Կաթանյանին:

Դատարանում այսօր ցուցմունք տվեցին նաև ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր ապահովում էին Հանրային հեռուստաընկերության տարածքի անվտանգությունը, մասնավորապես, հսկում էին անցագրային կետը: Նրանք պատմեցին, որ իրենց հսկողության տակ եղած անցագրային կետով Արման Հայրապետյանը որևէ մեկի հետ չի անցել: Հավելեցին, որ այդ օրերին հեռուստաընկերության տարածքում շինարարական աշխատանքներ են եղել, և չի բացառվում, որ մի քանի մուտք բաց է եղել ու չի հսկվել:

Այսօր ցուցմունք տվեց նաև Վաղարշապատի ոստիկանության հետաքննիչ Փայլակ Շմավոնյանը: Նա հայտարարեց, որ փաստաբան ընկերոջ միջոցով ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, հանդիպել 1-2 անգամ: Զրույցներից մեկում, նրա խոսքով, զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իրենից հետաքրքրվել էր էջմիածնում քրեական հայտնի հեղինակություն Հայկարամ Գրիգորյանի սպանության գործով:

Վկաներից մեկն այսօր դատարանում ներկա չէր, դատավորն ասաց, որ այսօր նրա հարսանիքն է:

Այսօր ցուցմունք տվեցին 7 վկաներ: Մյուսների հարցաքննությունը կշարունակվի մյուս շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG