Մատչելիության հղումներ

Մարմաշենցի Արթուր Եղոյանը հատուկ սարք է ստեղծել, որի միջոցով գոմաղբից ավելի մատչելի եղանակով վառելանյութ է ստանում։ Արդեն մի քանի տարի է, նա ոչ միայն իր, այլ նաև համագյուղացիների համար է ձմռան վառելիք կուտակում:

1200 բնակիչ ունեցող Մարմաշենում շատերն են ձմռանը տները աթարով ջեռուցում, չնայած գյուղը դեռ 70-ականներից է գազաֆիկացված: Վերջին տարիներին, սակայն, գյուղում տները գազով ջեռուցելը ճոխություն է դարձել։ Գյուղացիներն ասում են՝ ձեռնտու չէ:

«70-ական թվականներից գազ ունենք, բայց էս վերջերս էլ հնարավորություն չկա գազ վառելու, տակից չես կարա դուս գաս: Դե գոմաղբը կա: Որպեսզի ավելի էֆեկտիվ լինի, սկսեցի էդ պրեսը սարքել: Պրեսով հեշտ է: Ճիշտ է ժողովուրդը շատ է, մարդիկ շատ են, բայց մի անգամ ընես, պրծնես գը», - ասաց Եղոյանը:

Նա փորձում է իր ստեղծած տեխնիկայով ամեն տարի հնարավորինս շատ համագյուղացիների օգնել։

Շիրակի մարզի երբեմնի խոշոր գյուղերից մեկում այսօր, ինչպես բնակիչներն են ասում, տուն չկա, որ օտար երկրներում մարդ չունենա։ Գյուղացիների հիմնական եկամուտը արտագնա աշխատանքից է գոյանում։

Գյուղացիները զերծ չեն մնացել նաև վարկերից ու տարիներով բանկերին պարտքեր կուտակելուց․ - «Գյուղացիները սաղ բանկերի տակը ճռռած գը, վարկերի տակը: Վերցնողը էլ տկից դուրս չի գա»:

Մարմաշենում, որտեղ տասնամյակներ շարունակ հողագործությամբ են զբաղվել, մարդիկ այսօր դժգոհ են հողից ստացած եկամտից․ - «Տանջվում ենք, չարչրվում ենք, բայց եկամուտ չունինք: Եղնում է, որ ցանում ենք, հեչ չենք քաղում: Էս տարի ծառներին խնձորն ըմ չեղավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG