Մատչելիության հղումներ

Թուրքիան իրեն դավաճանված է զգում Եվրամիության կողմից


Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիք, արխիվ
Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիք, արխիվ

Թուրքիան Եվրամիությունից պահանջում է փոխել վերաբերմունքն Անկարայի նկատմամբ, հակառակ դեպքում առողջ համագործակցություն չի ստացվի, երեկ հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Թուրքիան չի ուզում խնդիրներ ունենալ Եվրոպայի հետ, միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ այս երկիրը երբեք չի ընկրկի ճնշումների ու երկակի չափանիշների առջև: Քանի դեռ դուք մեզ չեք ընկալում որպես հավասար գործընկեր, անհնար է առողջ հիմքի վրա հիմնված հարաբերություններ ակնկալել», - ասել է Չավուշօղլուն:

«Թուրքիան իրեն դավաճանված է զգում Եվրամիության կողմից», - իր հերթին, երեկ հայտարարել է երկրի Եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիքը՝ պնդելով, թե եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները ներքին, լրջագույն խնդիրները լուծելու փոխարեն կենտրոնացել են Անկարայի դեմ քաղաքականության վրա:

«Կասկած չկա, թուրքական կողմում խորը հիասթափություն է, քանի որ մեր պատմության ամենադժվարին պահերից մեկին մեր դաշնակիցներն ու ընկերները մեզ մենակ թողեցին: Դավաճանության մասով կարող եմ ակնհայտ օրինակ բերել՝ Ավստրիայի վարչապետն ու արտգործնախարարը, որոնք իրենց հայտարարություններով փաստացի դավաճանում են Թուրքիային: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեպքում իրավիճակը առավել խճճված է, մենք նրանից ավելի մեծ համագործակցություն էինք ակնկալում, սակայն ընտրություններից երկու ամիս առաջ կանցլերը որոշեց այլ ճանապարհով գնալ», - ասել է Չելիքը:

Օրեր առաջ, Թուրքիայի նախագահի հետ հեռակա բանավեճից ու փոխադարձ մեղադրանքներից հետո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, թե ներկայիս Անկարան անելիք չունի եվրոպական ընտանիքում, և ընդգծել՝ անդամակցության շուրջ բանակցություններն այդ երկրի հետ պետք է դադարեցվեն:

Նախօրեին էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն էր բացառել Թուրքիայի անդամակցությունը եվրոպական ընտանիքին տեսանելի ապագայում:

«Բավակա՛ն է, դադարեցրե՛ք Եվրամիության անդամ երկրներին կամ նրանց ղեկավարներին համեմատել ֆաշիստների ու նացիստների հետ, Եվրոպան կայացած ժողովրդավարության աշխարհամաս է, և նրանք, որոնք միտումնավոր վիրավորում են մեզ, արգելափակում են իրենց ճանապարհը դեպի Եվրոպա: Երբեմն ինձ թվում է, որ ոմանք Թուրքիայում ուզում են հենց այդպես էլ անել, որպեսզի հետո Եվրամիությանը մեղադրեն անդամակցության բանակցությունները տապալելու մեջ», - հայտարարել է Յունկերը:

Պաշտոնական Անկարան կտրականապես հերքում է այս պնդումները: «Նախ թող ասեն, թե իրենք ինչ են արել թուրք-եվրոպական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ», - Reuters-ին ասել է թուրք նախարարը՝ անտեսելով Բրյուսելից հնչող մեղադրանքները մարդու իրավունքների շարունակական ոտնահարման, ընդդիմադիրների դեմ ճնշումների ու նախագահ Ռեջեփ Էրդողանի բռնապետական կառավարման վերաբերյալ: «Պարոն Յունկերն ասում է, թե Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրամիությունից: Ես էլ հարց եմ տալիս՝ ի՞նչ է նա արել, ի՞նչ հսկայական քայլեր է պարոն Յունկերը ձեռնարկել, որպեսզի ճանապարհներ գտնի թուրք-եվրոպական մերձեցման համար», - հայտարարել է Չելիքը:

Ակնկալվում է, որ առաջիկա հոկտեմբերին արդեն Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կքննարկեն Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների հեռանկարը: Արմատական քայլեր, սակայն, փորձագետները չեն ակնկալում՝ գոնե առայժմ: Անկարայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է եվրոպական ընտանիքի անդամ բոլոր երկրների հավանությունը, ինչն այս պահին չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG