Մատչելիության հղումներ

ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմը պահանջում է ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին


Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ
Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ

Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը խիստ մտահոգված է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ ավելի քան 12 ամիս շարունակվող կալանքով, պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը և նրան ազատ արձակել:

«Անդրիաս Ղուկասյանն ազատազրկվել է 2016 թվականի հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը Սարի Թաղում հատուկ միջոցներ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ այնուհետև հավաքի մասնակիցներին, լրագրողներին ենթարկեց ֆիզիկական բռնությունների և հետապնդումների: <...> Անդրիաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար, և նրանց նկատմամբ կալանքը կիրառվեց որպես խափանման միջոց: Ներկայումս Ա. Ղուկասյանը վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկված միակ անձն է, որի կալանքը չի փոփոխվել, և որը շարունակում է մնալ անազատության մեջ», - ասված է պլատֆորմի երեկվա հայտարարությունում:

ԱլԳ ՔՀՖՀայաստանի ազգային պլատֆորմը նշում է, որ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվել են ավելի քան 16 դռնփակ դատական նիստերի ընթացքում, և ըստ պաշտպանի՝ Ղուկասյանը զրկվել է իրեն մեղսագրվող արաքներից պաշտպանվելու համար իր ապացույցները քննության ենթարկելու հնարավորությունից, նրա կողմից ներկայացված 31 միջնորդությունները մերժվել են:

«Զուգահեռաբար, ներպետական դատարանները Անդրիաս Ղուկասյանի հետ նույն հիմքով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ մասնակցելու համար քրեական հետապնդումների ենթարկված մյուս անձանց՝ Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի և Արմեն Մարտիրոսյանի կալանքը փոխարինել են գրավով և նրանց ազատ արձակել: Այս անձինք՝ որպես քաղաքական ընդդիմադիր գործիչներ, առանձնացվել են միջազգային կազմակերպությունների կողմից, և վերջիններիս ճնշման ներքո նրանց խափանման միջոց կալանքը փոխվել էգրավով», - ընդգծում է ազգային պլատֆորմը:

Ավելին, 2017 թվականի ապրիլի 19-ին նախաքննության մարմինն ավելացրել է Ղուկասյանին առաջադրված բողոքի ծավալները՝ նրան մեղադրելով նաև շենքեր, շինություններ գրավելու, պատանդ վերցնելու, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու փորձի մեջ: Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործն անջատվել է մյուսների մասով քրեական գործից, և 2017 թվականի օգոստոսի 2-ից սկսվել է դատաքննությունը:

«Մեղադրանքի ծավալներն ավելացնելու համար նախաքննության մարմնի համար հիմք են հանդիսացել ոստիկանության կողմից ներգրավված երկու վկայի ցուցմունքները: Ըստ այդ ցուցմունքների՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Ազատության հրապարակում իր ելույթից հետո Անդրեաս Ղուկասյանը մոտեցել է վկային և 15 այլ անձանց՝ ասելով՝ քարեր հավաքեք: Ոստիկանության կողմից որպես վկա ներգրավված այս անձանցից մեկը հոգեկան առողջության խնդիրների հիմքով հաշվառված է Ավանի բժշկական կենտրոնում, իսկ մյուսը՝ ալկոհոլից կախվածության հիմքով՝ Գորիսի բժշկական կենտրոնում», - իր հայտարարությունում նշում է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը՝ եզրակացնելով․ - «Նման փաստերը հիմք են տալիս պնդելու, որ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը և շարունակական ազատազրկումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով»:

Ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել վերանայել Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքի պահանջը և նրան ազատ արձակել, նշված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG