Մատչելիության հղումներ

Դատարաններում իրենց պնդմամբ ապօրինի խուզարկությունների դեմ պայքարող փաստաբաններից մի քանիսը, այսօր էլ չկարողացան ներկա գտնվել «Սասնա ծռերի» գործով նիստին։

Դատական կարգադրիչները նախ ներս չթողեցին փաստաբան Մուշեղ Շուշանյանին, ապա պայուսակը բացելու և դրա պարունակությունը ցույց տալու պահանջ դրեցին Նինա Կարապետյանցի առջև։ Փաստաբանն ասաց՝ պայուսակը չի բացելու, դրանում կան կրիչ և գրիչ, որոնք արգելված իրեր չեն համարվում։

Մետաղորսիչ սարքը, սակայն, շարունակում էր ազդանշան տալ: Կազմվեց արձանագրություն, ու երբ Կարապետյանցը գրում էր իր առարկությունները, նկատեց, որ կարգադրիչներն առանց զննելու ներս թողեցին երկու մեծ տոպրակներով եկած փոստատարին: Մյուսների պարագայում էլ փաստաբանը խտրական վերաբերմունք տեսավ:

Դատարան մտնելուց առաջ պայուսակը բացել հրաժարվեց նաև փաստաբան Լուսինե Սահակյանը։ Մետաղորսչի ազդանշանը կասկածելի թվաց դատարկան կարգադիչներին, մինչդեռ Սահակյանը պնդեց, որ չունի արգելված իր և չի պատրաստվում բոլորի առջև դատարկել պայուսակը:

«Ազատության» դիտարկմանը, որ երեկվա գործադուլից հետո ոչինչ չի փոխվել, և հարցին, թե հնարավոր է, որ կրկին գործադուլի դիմեն, Սահակյանն արձագանքեց․ - «Չեմ կարող ասել՝ գործադուլի՞ կդիմենք, թե՞ այլ միջոցների, բայց որ մինչև վերջ պայքարելու ենք, որ էս ապօրինությունը դադարի, դա միանշանակ է»:

Հիեշեցնեմ, երեկ «Սասնա ծռերի» 14 անդամների գործով դատական նիստը տապալվեց փաստաբանների գործադուլի պատճառով։ Բողոքելով դատարաններում խուզարկությունների ու Փաստաբանների պալատի դեմ՝ 184 փաստաբան չէր ներկայացել դատական նիստերին։
Այսօր նիստին չներկայանալու համար դատավոր Արտուշ Գաբրիելյանը հենց սկզբում կրկին սանկցիա կիրառեց փաստաբաններ Շուշանյանի և Սահակյանի նկատմամբ։ Ապա անցավ միջնորդությունների փուլին:

Դատարանը բավարարեց նիստին ներկա պաշտպանների միջնորդությունը և արդյունքում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Արամ Մանուկյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Մելքոնյանը, Հովհաննես Վարդանյանը, Հովհաննես Հարությունյանը, Թորոս Թորոսյանը և Սերգեյ Կյուրեղյանը կկարողանան տեսակցել իրենց հարազատներին և հեռախոսազրույցներ ունենալ:

Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը հայտնեց, որ իր նախկին միջնորդությունը բավարարվել է մասնակի։ Նա տեղեկացրեց, որ Հարությունյանը հայր չունի և տեսակցել ցանկանում է հորեղբոր հետ, իսկ վերջինիս թույլ չեն տալիս։

Դատավորն ասաց, որ համապատասխան գրություն կուղարկի քրեակատարողական հիմնարկ՝ տեղեկացնելով, որ Հովհաննիսյանի հարազատները կարող են տեսակցել նրան։

Բացակա փաստաբանների կարծիքը ճշտելու համար դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 28-ը։

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խումբը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG