Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի դատարանի վճռով երեք տարվա ազատազրկման դատապարտված և նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով սեպտեմբերի 11-ին ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր առավոտյան իր մոր՝ Բելա Լապշինայի ուղեկությամբ, Բաքվից օդանավով մեկնել է Իսրայել:
Լապշինին Բաքվի պահանջով 2016 թվականին ձերբակալել են Բելառուսում և արտահանձնել են Ադրբեջանին: Լապշինը, ով ունի Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիություն, 2011 և 2012 թվականներին Հայաստանի տարածքով այցելել էր Լեռնային Ղարաբաղ:
Նախքան ներում ստանալը, Լապշինը նախագահ Ալիևին հասցեագրած մեղայական նամակում ներողություն է խնդրել Ադրբեջանի իշխանություններից և հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին:
Ալիևի խորհրդական Ալի Հասանովն ասել է, որ Լապշինը բանտում վերջին օրերին փորձել է ինքնասպանություն գործել: