Մատչելիության հղումներ

Ավագանու ՀՀԿ-ական անդամը պնդում է՝ Անահիտ Բախշյանին «պարոն»-ով չի դիմել, Բախշյանը հերքում է


Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանը

Անահիտ Բախշյանին ես «պարոն»-ով չեմ դիմել, իսկ «Անո» ասել եմ նրան մտերիմ համարելով, «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանը։ Խոսելով երեկվա նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպից, Սահակյանն ասաց՝ «Բախշյանի հետ մենք ընկերներ ենք»։

Հիշեցնենք, երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ լեզվակռիվ սկսվեց «Ելք»-ից Ալեն Սիմոնյանի և հանրապետական Արմեն Սահակյանի միջև, երբ վերջինս Անահիտ Բախշյանին հեգնանքով անվանեց «պարոն» և «Անո»։

«Ես իրեն «պարոն Բախշյան» չեմ ասել: Թե իրենք որտեղից դա վերցրին, սարքեցին, ես տեղյակ չեմ: «Անո» կարող ա, գիտեք ինչ, որ մի քիչ ինքը հարցերը ոնց որ անընդհատ բան էր անում, կարող ա ասած լինեմ՝ Անո կամ Անահիտ, բայց դրա մեջ վատ բան կա՞: Անահիտ չի՞ իրա անունը: Դուք եթե թողեք, լրագրողներդ, մենք իրար հետ նորից կբարեկամանանք: Մեր մեջ ոչ մի բան, ես համարում եմ, չի եղել ու չի էլ կարա լինի», - ասաց Արմեն Սահակյանը՝ շարունակելով․ - «Բա էդ ինչի՞ չեն ասում, որ ես մտա, երբ որ իրանց ֆրակցիան նստած էր, ես ընդհանուր ասեցի՝ «Բարև ձեզ», և մոտեցա, ասեցի՝ «տիկին Անահիտին պետք ա ձեռքով բարևեմ»: Բա չկա՞ էդ ձայնագրությունները, թող դրանք էլ դնեն էլի»:

Հարցին՝ ճիշտ է համարում արդյոք նման լեզվակռվի մեջ մտնելը, Սահակյանն արձագանքեց․ - «Չէ, երբեք: Ճիշտ ա, միջադեպը լավ չէր, տենց ստացվեց, բան չունեմ ասելու»:

Քաղաքային իշխանությունում Սահակյանն իր կարիերան սկսել է 2002-ից, որպես Կենտրոն համայնքի ավագանու անդամ: Ավելի ուշ՝ 2008-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով վերընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2015-ին դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և այս տարի արդեն Քաղաքապետարան է եկել իշխող կուսակցության կազմում։

Հատկանշական է, որ Սահակյանի անունը դեռ 2006 թվականին կապվել էր կեղծ փաստաթղթեր իրացնելու և 11 միլիոն դրամ հափշտակելու գործով պետական պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործի հետ։ Ինքը՝ Սահակյանը, այսօր ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկությունը։

Դատախազությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ քրգործի մասին մանրամասներ կարող են հայտնել ավելի ուշ:

«Ես չգիտեմ՝ էդ ով ա գրում տենց բաները, դուք գրողին հարցրեք: Սահմանափակվենք, էլ չընդարձակվենք, ես ձեր հարցին չեմ պատասխանում, որովհետև կոռեկտ չի ձեր հարցը», - ասաց Սահակյանը:

Մինչ նա պնդում է, որ Բախշյանին միայն «Անո»-ով է դիմել և «պարոն» չի անվանել, ինքը՝ Անահիտ Բախշյանը, դեռ երեկ լրագրողներին հայտնեց՝ լսել է, որ հանրապետական անդամն իրեն «պարոն»-ով է դիմել։

«Ես «պարոն Բախշյան» լսեցի, ես իրեն ասեցի՝ չես տարբերում ուրեմն պարոնն ու տիկինը: Բայց «Անո»-ն չեմ լսել: Չէ, իսկի չեմ վիրավորվում, ումի՞ց պետք ա վիրավորվեմ», - ասաց Անահիտ Բախշյանը:

Նկատենք, սակայն, որ հանրապետական Սահակյանը նույնքան ակտիվ էր նաև նախորդ նիստի ժամանակ, պարզապես թիրախն այդ անգամ «Երկիր ծիրանին» էր, մասնավորապես՝ Զարուհի Փոստանջյանը։

Հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանը, չնայած լրագրողների հարցերին, երեկ գնահատական չտվեց իր կուսակից անդամների պահվածքին, և միայն նշեց, որ կողմնակից է հարգանքով աշխատելուն։

«Իմ հորդորն է եղել ավագանու բոլոր անդամներին, որ մեկը մյուսին հարգեն, ես դրա կողմնակիցն եմ», - լրագրողներին ասել էր Մարգարյանը:

Ավագանու հանրապետական անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանն էլ իր կուսակիցների պահվածքի մասին ասաց․ - «Ափսոս որ այդպես ստացվեց»։

Չցանկանալով ձայնագրվել՝ Վարդազարյանը իր գործընկերներին խորհուրդ տվեց համեմատաբար ավելի զուսպ լինել սադրանքների նկատմամբ։

Երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը, ում ուշադրության կենտրոնում հաճախ են հայտնվում մայրաքաղաքի խնդիրները, խայտառակություն որակեց ավագանու երեկվա նիստն ու նշեց՝ եթե այս կերպ շարունակվի, ապա երևանցու համար ամենակարևոր խնդիրները լուծել չի ստացվի։

«Եթե պետք ա ամբողջ նիստի ընթացքում ինչ-որ մարդիկ ինքնահաստատվեն, կամ ինչ-որ պրոբլեմների մասին խոսեն իրենց անձնական, կամ վիրավորեն ինչ-որ մեկին, ոչ մի հարց չի լուծվի: Ուղղակի երեկ ինչ որ տեսա, էնքան ցավալի էր, որ Երևանը արժանի չի այդպիսի մոտեցման և այդպիսի ավագանու: Էնտեղ մարդիկ կան, որ ընդհանրապես իրավունք չունեն էնտեղ գտնվելու», - ասաց Արթուր Իսպիրյանը:

Մշակութային գործիչը նշում է՝ նախորդ դարի կոլխոզի ժողովներն ավելի կիրթ են էին անցնում, քան հիմա ավագանու նիստերը։ Իսպիրյանի խոսքով՝ այս ավագանին երևանցու իրական ընտրության արդյունքը չէր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG