Մատչելիության հղումներ

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները համոզված են, որ գյուղի տարածքում հանք բացելու մտադրություն ունեցողները դեռ փորձում են իրենց ծրագիրը կյանքի կոչել։

Երեկ Ազգային ժողովի ամբիոնից «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ընթերցեց արդվեցիների հայտարարությունը, որտեղ վերջիններս հանքարդյունաբերական ուսումնասիրություններ կատարելու նպատակով Բնապահպանության նախարարություն դիմած «Միրամ» ընկերությանը մեղադրել էին ապօրինությունների մեջ․ - «Ընկերությունը ապօրինաբար քանդել և մի քանի մեքենա հունք է տեղափոխել այդ տարածքից, որի հետևանքները գյուղացիները ստիպված են եղել վերացնել սեփական նախաձեռնությամբ՝ էքսկավատորներով քանդվածը ձեռքով հարթեցնելու միջոցով: Դա կատարվել է հենց այսօր: Դիմում ենք նախաձեռնողներին և նրանց հովանավորներին: Բոլորիս է պարզ, որ կան հովանավորներ, այլապես որ մեկը չէր կարող ապօրինաբար քանդել, հունք տեղափոխել և մնալ անպատիժ»:

Պատգամավորի այս ելույթից հետո այսօր Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ Արդվի էին եկել։ Բարձրացան նշված տարածքը, տեսան փորվածքը, որ երեկ գյուղացիների ուժերով ծածկվել էր։ Արձանագրեցին, որ մոտ 10 մետր երկարություն ունի։

Արդվեցի Սուրեն Կիրակոսյանի պնդմամբ, ծածկելուց առաջ այն 3 մետր խորություն է ունեցել։ «Ազատության» հարցին, թե ինչու են փակել, Կիրակոսյանը պատասխանեց․ - «Որովհետև բնապահպաններն այստեղ չափումներ էին արել․ ռադիացիան տալիս էր 25: Գյուղում 18, 15, 14 էր, ինչքան բարձրացանք, մոտեցանք, ռադիացիան ավելանում էր: Տեղյակ են պահել բոլորին: Ոչ մեկ չի, ոչ մեկ չի արել, մենք էլ որոշեցինք»:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արմեն Ղարագյոզյանն արձանագրեց, որ այս պահին տարածքում տեխնիկայի հետք չկա:

Գյուղացիներ նախարարության ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հայտնեցին՝ գյուղովի դեմ են հանքարդյունաբերությանը։

«Գյուղի գերակշիռ մասն արդեն ստորագրությամբ ա ասել, ու մի մարդ չեք գտնի, որ ասի՝ հա, եկեք բացեք», - ասաց արդվեցիներից մեկը:

Հանքի հնարավոր շահագործման շուրջ ստեղծված աղմուկից սրտնեղած գյուղապետ Սամվել Կիրակոսյանը համոզված է, որ հանքի բոլոր ծրագրերն Արդվիում դադարեցված են և քաղաքական գործիչների ու գյուղացիների մտահոգություններն անհիմն են․ - «Դադարեցվել է վերջնականապես: Ամեն ինչն էլ դադարեցված է»:

Երեկվա իր հայտարարության մեջ ԱԺ պագտագավոր Մանե Թանդիլյանը հրապարակեց, թե տեղեկություններ ունի, որ գյուղացիներին սպառնում են՝ ստիպելու, որ փոխեն իրենց տեսակետը․ - «Ես հայտարարում եմ, որ եթե Արդվի գյուղի գյուղացիների տեսակետը կենթարկվի փոփոխության, ես կհորդորեմ համարել այս հայտարարությունը փաստարկված և սկսել հետաքննություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG