Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սան Ֆրանցիսկոյում ՌԴ հյուպատոսության հասցեին հնչած մեղադրանքը, թե ռուս դիվանագետները խախտել են «աղբն այրելու կանոններ», հակառուսական ներկայացում է որակել:

«Հակառուսական պերֆորմանսը Միացյալ Նահանգներում շարունակվում է: Հերթական ներկայացումն անցնում է «Ռուսները թունավորում են Սան Ֆրանցիսկոն» խորագրով: Ինչո՞ւ: Ի թիվս այլնի նաև նրա համար, որպեսզի արդարացվեն ամերիկյան հատուկ ծառայությունների բարբարոսական քայլերը Ռուսաստանի հյուպատոսության տարածքում», - սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է Զախարովան:

Այսօր առավոտյան ամերիկյան SBC հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Սան Ֆրանցիսկոյի շրջաններից մեկի իշխանությունները տուգանել են հյուպատոսությանը՝ աղբն այրելու կանոնները խախտելու համար: Թե ինչ գումարի մասին է խոսքը, հեռուստաընկերությունը չի հայտնում:

Ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը խորանում է: Մինչդեռ ամերիկյան BuzzFeed պարբերականի այսօրվա հրապարակումից հայտնի է դարձել, որ Մոսկվան ռուս-ամերիկյան հարաբերությունները Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո կարգավորելու հատուկ ծրագիր էր ներկայացրել Վաշինգտոնին: Թրամփի հաղթանակից երեք ամիս անց Վլադիմիր Պուտինը դիվանագետ է ուղարկել Պետքարտուղարություն՝ հատուկ ծրագրով: Ըստ պարբերականի, փաստաթղթում նշված է երկկողմ հարաբերություններն ամբողջությամբ վերականգնելուն ուղղված ռուսաստանյան կողմի ծրագիրը:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները, այս փաստաթղթի համաձայն, անհրաժեշտ էր վերականգնել «անհապաղ»: Կարգավորվելիք խնդիրների ցանկում ընդգրկված էին կիբեռանվտանգությունը, Իրանի միջուկային ծրագիրը, ճգնաժամը Ուկրաինայում և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը:

BuzzFeed-ը գրում է, թե Մոսկվայի այս ծրագիրը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ, ի տարբերություն Օբամայի վարչակազմի, Թրամփն ու իր թիմը զայրացած չեն ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու՝ Կրեմլի փորձից:

Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանել BuzzFeed-ի հրապարակումը՝ նշելով, որ երկկողմ փակ բանակցությունները սովորական դիվանագիտական գործընթաց է:

ԱՄՆ նախկին պետքարտուղար, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը երեկ USA Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն «անձնական վենդետա» էր հայտարարել:

«Ռուսաստանի իշխանություններին ուզում էին, որ հաղթի Թրամփը: Սա միանշանակ է», - ասել է Քլինթոնը՝ հավելելով, թե Թրամփը «ինչ-որ խճճված ֆինանսական կապ ունի ռուսաստանյան կապիտալի հետ»:

Նշենք նաև, որ Ռուսաստանում Միացյալ Նահանգների արդեն նախկին դեսպան Ջոն Թաֆթը «Ազատության» և «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունների հետ հարցազրույցում մանրամասնորեն խոսել է ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խորը ճգնաժամի մասին՝ մի քանի անգամ ընդգծելով, որ այդ ճգնաժամի հիմքում Ուկրաինան է:

«Կարծում եմ, որ ուկրաինական զարգացումներն են հիմնական խնդիրը», - ասել է Թաֆթը: - «Սեփական ուժերը երրորդ ինքնիշխան երկրի տարածքում օգտագործելը խախտել է եվրոպական քաղաքականության առանցքային սկզբունքները: Միասնական, ազատ և խաղաղ Եվրոպան Եվրամիության և Միացյալ Նահանգների նպատակ էր, և այս ամենը քանդվել է, երբ Ռուսաստանը իր զինված ուժերն ուղարկել է Ղրիմ: Հետո էլ՝ իրավաճակը Դոնբասում»:

Ջոն Թաֆթը նաև հավելել է, որ այնուամենայնիվ Մոսկվան և Վաշինգտոնը այսօր շարունակում են համագործակցել Սիրիայի և Հյուսիսային Կորեայի ճգնաժամները կարգավորելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG