Մատչելիության հղումներ

Մերկելը դեմ է Թուրքիային գերմանական սպառազինություն մատակարարելու լիակատար արգելքին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Թուրքիային գերմանական արտադրության սպառազինության վաճառքի լիակատար դադարեցումը նպատակահարմար չէ: Այս մասին երեքշաբթի երեկոյան NDR ռադիոկայանի եթերում հայտարարեց Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է, մենք շարունակում ենք այդ երկրի հետ համատեղ պայքար մղել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Այնպես որ, Գերմանիայի իշխանությունները Թուրքիային սպառազինության մատակարարման ամեն մի դեպքն առանձին են քննելու` որոշելով դրա նպատակահարմարությունը», - հայտարարում էր Մերկելը:

Այս թեման լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ շաբաթասկզբին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարեց, որ Բեռլինը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է զենքի և զինամթերքի մատակարարումը Թուրքիա: Հետագայում, սակայն, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ` նշելով, որ 2017թվականի առաջին ութ ամիսներին Բեռլինը Անկարային մոտ 25 միլիոն եվրոյի սպառազինություն է մատակարարել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 69 միլիոնի փոխարեն:

Անկարայում, ինչպես և կարելի էր ակնկալել, Գերմանիայից ստացվող այս լուրերը բավական ցավագին ընկալեցին: Լոնդոնում այցով գտնվող Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Օմեր Չելիքը նույնիսկ հատուկ այս առթիվ ասուլիս հրավիրեց:

«Թուրքիան, ինքնիշխան պետություն լինելով, ոչ միայն իր սահմաններն է պաշտպանում, այլև Եվրոպայի սահմաններն ու անվտանգությունը: Այնպես որ, ահաբեկչության դեմ պայքարի թուլացումը նաև Գերմանիայի և ողջ Եվրոպայի անվտանգության թուլացում է նշանակում: Դրա հետ մեկտեղ՝ Գերմանիան անվտանգությունն ու տնտեսությանը վերաբերող խնդիրները քաղաքական բանավեճերից տարանջատելու փորձ ունի», - հայտարարում էր Չելիքը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի համոզմամբ էլ՝ գերմանական սպառազինության մատակարարումների կրճատումը կարող է խթանել թուրքական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը: Թուրքական դիվանագիտության ղեկավարի համոզմամբ, սակայն, Բեռլինից հնչող վերջին հայտարարությունները հարկավոր է դիտարկել նախևառաջ Գերմանիայում ընթացող քարոզարշավի համատեքստում: Չավուշօղլուն նույնիսկ որոշակի հակասություններ է նկատում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող արտգործնախարարի և քրիստոնյա-դեմոկրատ կանցլերի գործողություններում:

«Մերկելի մոտեցումը, ըստ իս, շատ ավելի ճիշտ է և հասուն: Մեր բոլորի պարտքն է խոհեմ վարք դրսևորել անգամ նախընտրական մթնոլորտում: Իսկ արտգործնախարար Գաբրիելի կուսակցությունը քարոզարշավը սկսեց 30 տոկոս վարկանիշով, և այժմ այդ ցուցանիշը նվազել է` հասնելով 22 տոկոսի», - հայտարարում էր Թուրքիայի արտգործնախարարը:

Եվ քանի դեռ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կրճատում են Թուրքիա մատակարարվող սպառազինության ծավալները, Անկարան շարունակում է հայտարարել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հերթական անգամ պնդեց, որ թուրքական իշխանությունները հաստատակամ են ռուսական արտադրության C-400 (S-400) հրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ գործարքն ավարտին հասցնելու հարցում:

«C-400-ների ձեռքբերման շուրջ գործարքը մեր դաշնակիցներին կատաղության հասցրեց: Բայց ի՞նչ էին նրանք ակնկալում, արդյո՞ք մենք պետք է սպասեինք: Անվտանգության հարցերին վերաբերող ցանկացած պարագայում մենք համապատասխան քայլերի ենք դիմում: Մեր քայլերը կանխարգելիչ բնույթ ունեն, և մենք շարունակելու ենք դրանք իրականացնել», - հայտարարում էր Էրդողանը` դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքապետերի հավաքի մասնակիցներին:

Վաշինգտոնը, սակայն, արդեն իսկ կոշտ քննադատություն է հնչեցրել Անկարայի հասցեին` ՆԱՏՕ-ի չափանիշներին չհամապատասխանող սպառազինություն ձեռք բերելու համար: Այս մասին երեքշաբթի երեկոյան կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Հիդեր Նաուերթը:

«Մեր ցանկություններից մեկը հետևյալն է` որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ պետությունները այնպիսի սպառազինություն ունենան, որը համադրելի լինի դաշինքի անդամ մյուս պետությունների սպառազինության հետ: Եթե Թուրքիան գնի ռուսական արտադրության C-400 համակարգերը, ապա հստակ կլինի, որ դրանք չեն համապատասխանում Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին, և դա մտահոգիչ կլինի: Այդ քայլը կհակասի նաև Վարշավայի գագաթնաժողովի ժամանակ դաշինքի անդամ պետությունների ստանձնած այն պարտավորությանը, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի երկրները խոստանում են նվազեցնել կախվածությունը ռուսական արտադրության սպառազինությունից», - հայտարարում էր Պետքարտուղարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG