Մատչելիության հղումներ

Փաստաբանները գործադուլ են անում՝ պահանջելով դադարեցնել իրենց «խուզարկությունը» դատարանի մուտքի մոտ


Դատական համակարգից դժգոհող 184 փաստաբաններ այսօր գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով նվաստացուցիչ խուզարկություններով չխոչընդոտել իրենց մուտքը դատարաններ:

Գործադուլի մասնակիցների այսօր կայացած քննարկմանը փաստաբան Տիգրան Աթանեսյանը փոխանցեց՝ եթե իրավիճակը չփոխվի, ավելի մեծածավալ բողոքի ակցիաներ են լինելու:

«Չկա արդարադատություն առանց փաստաբանների: Ցանկացած դատավարություն, որտեղ չի մասնակցում փաստաբան արդեն իսկ թերի է, կապ չունի ինչ ապացույցներ կան: Հույս ունենք, որ այս մեկօրյա ակցիան բավական կլինի, որպեսզի պետական մարմիններում ավելի խորը ուսումնասիրենխնդիրը և գտնեն բոլորի համար հարմար լուծում», - հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Արդյո՞ք եղել է նախադեպ, որ վտանգավոր առարկաներ դատարան բերելով փաստաբանները նպաստեն հանցագործությունների կատարմանը, հարց բարձրացրեց գործադուլի նախաձեռնողներից Երվանդ Վարոսյանը:

«Եղել է արդյոք նման ինչ-որ դեպք, որին պետությունը կփորձեր նման կերպ արձագանքել՝ այսինքն, կանխել նման երևույթները: Իհարկե ոչ», - ասաց Վարոսյանը:

«Սասնա ծռեր»-ի գործով ներգրավված փաստաբան Մուշեղ Շուշանյանը ներկայացրեց, որ դատարան մուտք գործելիս փաստաբանների պայուսակների պարունակության ստուգման հետ կապված աննախադեպ հետապնդումները սկսվել են շուրջ երեք ամիս առաջ, Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործով դատական նիստերի մեկնարկին: Շուշանյանը, ով երեք ամսվա ընթացքում կարողացել է մասնակցել միայն երկու դատական նիստի, վստահ է՝ խնդիր չէր լինի, եթե Փաստաբանների պալատն ի սկզբանե պաշտպաներ իրենց շահերը:

«Փաստաբանների պալատի նախագահը և Փաստաբանների պալատի խորհուրդը վերածվել են փաստաբանների դեմ իրականացվող հետապնդումների գործիքի:Էնպիսի տպավորություն կա, որ փաստաբանների պալատի նախագահի առջև խնդիր է դրված անկախ փաստաբանության դեմ արշավ տանել», - պնդեց Շուշանյանը:

Օրեր առաջ Փաստաբանների պալատի նախագահ վերընտրված Արա Զոհրաբյանը, իր խոսքով՝ որպես համերաշխության քայլ ևս ներկա էր այսօր տեղի ունեցած քննարկմանը, չնայած ընդգծեց, որ գործադուլին չի միանում: Իր հասցեին մեղադրանքները Զոհրաբյանը անհիմն որակեց՝ վերահաստատելով կարծիքը, որ դատարաններում տեղի ունեցողը ոչ թե խուզարկություն է, այլ զննություն, ինչը նախատեսված է օրենքով:

«Փաստաբանը, եթե ասում է չեմ բացում, խուզարկության դեպքում էլ փաստաբանին չեն հարցնում, այլ վերցնում են պայուսակը, բացում են: Այ դա է խուզարկությունը: Եթե փաստաբանի պայուսակին մատով մեկը ձեռք չի տալիս, էստեղ խուզարկության մասին խոսք չկա», - ասաց Արա Զոհրաբյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հակադարձեց՝ զննությունն իրականում պարտադրվում է, քանի որ հակառակ պարագայում իրենք զրկվում են դատարան մուտք գործելու հնարավորությունից:

«Խուզարկությունը զննության քողի ներքո պարտադրվում է փաստաբանին, որովհետև փաստաբանը շատ ավելի կարևոր հարց ունի լուծելու՝ դատական նիստերին չի կարողանում մասնակցել», - հայտարարեց Սահակյանը:

Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով՝ խնդրահարույց է զննության կարգը, և իրենք փորձում են կամաց-կամաց Դատական դեպարտամենտին տանել զիջումների:

«Փաստաբանների պալատին ես չեմ կարող միանգամից տանել ծայրահեղ քայլերի: Վստահ եմ՝ ինձնից լավ գիտեք դա: Ես առնվազն պետք է հավասարակշռված գործեմ, որովհետև հիմա էստեղ կա 30 փաստաբան, և 30 փաստաբանի կարծիքը կարող է չհամընկնել, օրինակ, 200 փաստաբանի կարծիքի հետ: Իսկ ես պարտավոր եմ բոլորի շահերը հաշվի առնել», - ասա Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատը և դատական դեպարտամենտը շուրջ մեկ ամիս առաջ համատեղ հայտարարությամբ սահմանել էին դատարան մուտք գործելիս զննության կարգը: Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանն այսօր զարմանք հայտնեց՝ եթե նույնիսկ խուզարկություն չի իրականացվում, ապա ինչպես կարելի է իրավաբանական ուժ չունեցող մի հայտարարությամբ զննության կարգ որոշել:

«Ես ինձ նվաստացված կզգամ, եթե ինձ ենթարկեն նվաստացուցիչ պայմաններում, նման թղթոնի առկայության պայմաններում ասեն՝ սա է մեր օրենքը, սրանով պետք է քեզ զննեն», - նշեց Փաստաբանների պալատի նախկին նախագահը:

Փաստաբանների պալատի դիմումի հիման վրա Դատարանների նախագահների խորհուրդը երեկ հրապարակել է դատարաններում արգելված իրերի ցանկ: Ըստ դրա, արգելվում է դատարան բերել, օրինակ, զենք, կտրող-ծակող առարկաներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև սողուններ, ձկներ, վիրուսներ, ձկնորսության կարթեր, նավակի թիեր և այլն: Այս ցանկը զավեշտալի որակելով՝ փաստաբաններն այսօր պնդեցին, որ Դատարանների նախագահների խորհուրդը չարաշահել է իր լիազորությունները, քանի որ, ըստ Սահմանադրության, պարտավորություններ կարող են սահմանվել միայն օրենքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG