Մատչելիության հղումներ

«Սասնա Ծռեր»-ի դատական նիստն այսօր տապալվեց փաստաբանների գործադուլի պատճառով


182 փաստաբաններ այսօր բողոքի ակցիա են անում ընդդեմ ապօրինի խուզարկությունների:

Փաստաբանների գործադուլի պատճառով «Սասնա Ծռեր»-ի դատական նիստն այսօր տապալվեց: Մեղադրյալների և երեք հանրային պաշտպանների ներկայությամբ դատավորը ընթերցեց Երվանդ Վարոսյանից ստացած գրությունը, թե 182 փաստաբաններ բողոքի ակցիա են անում ընդդեմ ապօրինի խուզարկությունների:

«Զննությունը վերածվում է խուզարկության, ինչը անթույլատրելի է ու ստորացուցիչ: Տպավորություն է ստեղծվում, որ փաստաբանների պարագայում գործում է օրինախախտի կանխավարկած: Ցավալիորեն փաստում ենք պետական իշխանության ներկայացուցիչների կողմից իրավիճակը շտկելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու ցանկության բացակայությունը», - ասված էր գրության մեջ :

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, ակնարկեց, որ կարող է սանկցիաներ կիրառել բացակա փաստաբանների նկատմամբ․- «Դատարանը փաստաբանների՝ այսօրվա դատական նիստին չներկայանալը դրական չի ընդունում, քանի որ փաստաբանները պարտավոր էին ներկայանալ դատական նիստերին, սակայն չեն ներկայացել, հետևաբար հաջորդ դատական նիստին դատարանը կարող է անդրադառնալ նրանց վարքագծին: Առանց այդ փաստաբանների այսօրվա գործի քննությունը չենք կարող շարունակել՝ 15 փաստաբանների բացակայությամբ»:

Այս ընթացքում գործադուլին չմիացած փաստաբան Հայկ Ալումյանը փորձում էր մուտք գործել դահլիճ, բայց կարգադրիչները պահանջում էին բացել պայուսակը: Նա հիշեցրեց, որ Դատարանների նախագահների խորհուրդն օրերս հրապարակել է իրերի ցանկը, որոնք արգելվում է բերել դատարան:

«Էս ահագին առաջընթաց քայլ էր անցած շաբաթվա համեմատ՝ արդեն հասկանալ, որ ցուցակ է պետք էդպիսի իրերի: Հիմա ես սպասում եմ հաջորդ առաջընթացին, որ հասկանան, որ էդ ամեն ինչը պիտի արվի օրենքով: Էն, որ իրենք ցուցակ հրապարակեցին արգելված իրերի, դա արդեն նշանակում է, որ մինչև հիմա էս ամեն ինչը արվել է ապօրինի», - ասաց փաստաբանը:

Ալումյանը գործընկերների բողոքի ակցիային չի միացել, քանի որ համաձայն չէ գործադուլավորների կարգախոսների հետ:

Արտուշ Գաբրիելյանն էլ հաշվի չառավ հանրային պաշտպաններից մեկի հայտարարությունը, թե Հայկ Ալումյանը դատարանի շենքում է, չհետաքրքրվեց՝ ինչու դահլիճ չի գալիս․ - «Փաստաբան Հայկ Ալումյանըեթե էստեղ է, դահլիճում պետք է լիներ»:

«Ընդհանրապես ես դեմ եմ էս միջոցառմանը դատավարություն անվանելուց, իսկ էն անձը, ով որ ստանձնել է էդ արարողության նախագահողի կարգավիճակը, դատավոր համարվել չի կարող», - ասաց Հայկ Ալումյանը:

Ալումյանը հիշեցնում է՝ Արտուշ Գաբրիելյանը նույն շենքում էր, երբ շղթայված մեղադրյալները բռնության ենթարկվեցին․ - «Էլ չեմ ասում, որ չէր փորձում սաստել, միջոցներ չէր ձեռնարկում, որպեսզի էդ անձինք անհապաղ դադարեցնեն էդ ամեն ինչը և պատասխանատվության ենթարկվեն: Ընդհանրապես ձևացրեց, թե ինքը ոչ մի բանից տեղյակ չի, և էնտեղ ոչինչ չի կատարվում: Հենց էդ նույն ժամանակ ինքը բացեց նիստը, երբ որ էդ ծեծվող ամբաստանյալները նիստի դահլիճում չէին և նույնիսկ չհայտարարեց, որ նրանք էդտեղ չէին: Ինքը դրանով իրեն դրեց օրենքից դուրս իրավիճակում, և ցանկացած դատական ակտ, որը էս դատավարության արդյունքում կկայացվի, ինքը ի սկզբանե ապօրինի է, որովհետև կայացված է լինելու մի մարդու կողմից, ով դատավոր համարվել չի կարող: Մի մարդ, ով առհասարակ ադեկվատ չի պահում իրեն դահլիճում, երբ մի քանի անգամ իրար հետևից փաստաբան Ինեսա Պետրոսյանին ասում է՝ «պարոն Ինեսա Պետրոսյան»: Կամ, երբ փաստաբան Լուսինե Սահակյանին ասում է՝ «ամբաստանյալ»: Կամ, որ ասում է փաստաբանին, որ «Ձեր նկատմամբ խափանման միջոց կկիրառեմ», երբ առաջին կուրսի ուսանողը գիտի, որ փաստաբանի նկատմամբ չի կարող խափանման միջոց կիրառվել»:

Թեև այսօր դատական նիստը չկայացավ, բայց «Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանի քույրը հեռացվեց դահլիճից․ կարգադրիչները տեղեկացրել էին, որ իր դեմ սանկցիա կա:

«Ես ոչ մի միջադեպ չեմ հիշում, որ ինձ դատարանից հեռացնեն, և ասեն, որ չի թույլատրվում, մինչև գործի քննության ավարտը ներս չմտնել: Կապում եմ՝ անձնական թիրախավորման հետ, որովհետև ինչպես «ծռերը», այնպես էլ «ծռերի» ընտանիքների անդամները թիրախավորված են, և հերթով բոլորի նկատմամաբ ինչ-որ դավեր են նյութվում», - ասաց Սմբատ Բարսեղյանի քույրը:

Նախորդ դատական նիստերից մեկում էլ կարգադրիչները դահլիճից հեռացրին ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանի հորը: Նա ևս չգիտի, թե ինչու է զրկված որդու դատավարությանը մասնակցելու հնարավորությունից:

«Սասնա ծռեր»-ի գործով մյուս մեղադրյալների դատավարությունն էլ վաղն է նշանակված: Երկու դեպքում էլ երեք ամսից ավելի դեռ նախապատրաստական փուլն է, ոստիկանական գնդի գրավման բուն քրեական գործի քննությունն այդպես էլ չի մեկնարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG