Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահ. Ստուգումների կրճատման պայմաններում հարկային եկամուտներն աճել են


Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի
Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ապահովելու է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ բյուջեի հաստատված հարկային եկամուտները, վստահեցրել է կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ այսօր Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկելով հարկաբյուջետային կատարողականի արդյունքները:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` Հարությունյանն ընդգծել է ՀՆԱ-ի աճի վրա կոմիտեի գործունեության ազդեցությունը, մասնավորապես՝ ստվերի վերհանման աշխատանքների արդյունքները․ - «ՀՆԱ-ի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի թողարկումն անհամեմատ աճ է գրանցել՝ 6.4 տոկոս, իսկ հարկերն ավելացել են 35 տոկոսով, ինչն ակնհայտորեն ստվերի հայտնաբերման արդյունք է»:

Կոմիտեի նախագահը շեշտել է, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունեցել ստուգումների՝ մոտ 48 տոկոսով կրճատման և առաջին կիսամյակի ընթացքում 22 մլրդ դրամ գերավճարների վերադարձի պայմաններում:

Անդրադառնալով հարկային եկամուտների աճն ապահոված գործոններին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է համակարգում կառուցվածքային փոփոխությունները և մոնիթորինգային կենտրոնի գործարկումը, որով ուղղահայաց հսկողության աշխատանքները ժամանակակից հիմքի վրա են դրվել: «Արձանագրված ցուցանիշները ապացուցում են, որ ստուգման լայնածավալ գործիքների փոխարեն նախապատվությունը տալով բիզնեսի հետ գործընկերության ճանապարհով բացատրական աշխատանքի կատարմանը՝ արդյունքում հնարավոր է ստուգումների կրճատման պայմաններում մուտքերի աճ գրանցել», - ընդգծել է նա:

Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարը շնորհավորել է ՊԵԿ նախագահին արձանագրված ձեռքբերումների համար և հաջողություն մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG