Մատչելիության հղումներ

Հայաստանի տաղավարը լավագույնն է ճանաչվել WorldFood Moscow 2017 ցուցահանդեսում


Հայկական տաղավարը WorldFood Moscow 2017-ում

Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող WorldFood Moscow 2017 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։ ՀԶՀ աջակցությամբ երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում են 16 հայկական ընկերություններ։

ՀԶՀ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ WorldFood Moscow 2017-ի կազմակերպիչները մրցանակը հանձնել են այն ժամանակ, երբ Հայաստանի տաղավարում միջազգային գնորդների ու մատակարարների համար կազմակերպվել էր համտես։ Ընտրությունը կատարվել է փորձագիտական հանձնաժողովի ու այցելուների կողմից։

«Սա գնահատում եմ որպես մեր թիմի՝ մարքեթինգային լավ արդյունք և, հետևաբար, էքսպոյի մասնակից ընկերություններից ակնկալում եմ ավելի հաջող բանակցություններ ու արտահանման ավելի մեծածավալ պատվերների պայմանագրեր», - նշել է ցուցահանդեսի օրերին հայ արտադրողների հետ Մոսկվայում գտնվող ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Նախորդ ցուցահանդեսից հայկական արտադրողները վերադարձել են արտահանման 12 պայմանագրերով՝ շուրջ 570 միլիոն դրամի, ասված է հաղորդագրությունում:

Հայկական տաղավարում ներկա են եղել նաև Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Հիմնադրամը տեղական արտադրողներին աջակցում է արտահանման խթանման՝ կառավարության ռազմավարության շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG