Իրաքի իշխանությունները հայտնում են, որ Բաղդադում կախաղան է բարձրացվել «Իսլամական պետության» ծագումով ռուսաստանցի գրոհայինը, ում բռնել էին Մոսուլ քաղաքում: Մահապատիժն ի կատար է ածվել սեպտեմբերի 12-ին:
Նա առաջին ռուսաստանցի իսլամիստ զինյալն է, ով Իրաքում մահապատժի է ենթարկվել:
Դատարանի հայտարարությունում նշված է, որ նա մեղադրվել է ահաբեկչության համար: Զինյալը, ում անունը չի նշվում, խոստովանել է, որ 2015 թվականից մասնակցել է ահաբեկչական գործողությունների Իրաքի անվտանգության ուժերի դեմ:
France-Presse-ի փոխանցմամբ՝ 28-ամյա տղամարդը հարցաքննության ժամանակ ասել է, որ մահմեդականությունը ընդունել է Մոսկվայում, որտեղ ուզբեկստանցի շինարար բանվորներն են ծանոթացրել իրենց կրոնին: Ժամանելով Իրաք՝ նա ընդունել է Աբու Յասմինա ալ-Ռուսի անունը:
Մոսուլի և շրջակա բնակավայրերի ազատագրման գործողություններում Իրաքի բանակը հարյուրավոր իսլամիստ զինյալների է գերեվարել, ինչպես նաև հսկողության տակ է պահում կասկածյալ գրոհայինների օտարերկրացի 1400 կանանց և երեխաների, որոնց թվում կան ռուսաստանցիներ, տաջիկներ ու ադրբեջանցիներ: