Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու նիստն ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով ու սպառնալիքներով


«Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը և ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանը ավագանու նիստի ընդմիջման ժամանակ, 12-ը սեպտեմբերի, 2017թ․

Ամառային արձակուրդից հետո Երևանի ավագանին այսօր գումարեց առաջին նիստը, որը կրկին անցավ բավականին լարված մթնոլորտում ու ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով ու սպառնալիքներով։

Հենց սկզբից «Ելք» դաշինքը դեմ քվեարկեց 23 հարցից բաղկացած օրակարգին։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը արտահերթ ելույթով մոտեցավ ամբիոնին և պարզաբանեց՝ դեմ են քվեարկում, քանի որ իրենց կողմից առաջարկված փողոցների անվանափոխության նախագիծը արհեստական խոչընդոտների պատճառով չի ընդգրկվել այսօրվա օրակարգում։

Խաժակյանի ելույթի մասին Հանրապետականից ցանկացան մեկնաբանության անել, Տարոն Մարգարյանն ասաց՝ չի կարելի: «Ելք»-ից Անահիտ Բախշյանն էլ հավելեց՝ որ կանոնադրությունը կարդաք, կիմանաք։ Հենց այդ ժամանակ ավագանու հանրապետական անդամ Արմեն Սահակյանը ցածր ձայնով Բախշյանին հեգնեց՝ դիմելով «պարոնով» և «Անոյով»։ Հանրապետական անդամի այս դիմելաձևից բորբոքվեց «Ելք»-ից Ալեն Սիմոնյանը։

«Խնդրում եմ՝ կարգի հրավիրեք», - դիմելով Տարոն Մարգարյանին՝ ասաց Սիմոնյանը:

«Խնդրում եմ ավագանու բոլոր անդամներին, որ նիստերի ժամանակ չխանգարել մեր օրակարգի քննարկման հարցերը և խնդրում եմ իրար նկատմամաբ լինել հարգանքով», - ամբիոնից հայտարարեց Տարոն Մարգարյանը:

Հարգանքով աշխատել, սակայն, չստացվեց։ Երբ քննարկվում էր ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին հարցը, Հանրապետականից նույն Արմեն Սահակյանը կրկին հեգնեց Բախշյանին։ Թեման՝ ավագանու անդամներին ամսական 55 հազար դրամ հատկացնելու առաջարկն էր, որը ստանալու համար, ըստ իրավաբանական վարչության պետի, դիմել են միայն «Երկիր ծիրանին» և «Ելքը»։

«Հանրապետական խմբակցությունը չի հայտնե՞լ ցանկություն, կարո՞ղ ա հրաժարվեն», - հարցրեց Անահիտ Բախշյանը:

«Հա, իմս տալու եմ քեզ», - արձագանքեց Արմեն Սահակյանը:

«Ելքի» և Հանրապետականի վեճը նիստերի դահլիճից տեղափոխվեց միջանցք։ Միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի թեմայով վեճ սկսվեց ընդդիմադիր խմբակցությունից Անի Խաչատրյանի և իշխանական թևի ներկայացուցիչ Հովհաննես Ավանեսյանի միջև։

«Դուրս ես եկել հետս միջանցքում բազար ես անո՞ւմ: Ձեռքով չխոսես հետս: Ես ինձ էնքան կանացի եմ պահում․․․Դու քեզ մի քիչ տղամարդավարի պահի: Երկու մատով կխեղդեմ, օֆ չեմ անի, դու ինձ տեղը չես բերում», - ասաց Անի Խաչատրյանը:

«Քեզ մի քիչ կոռեկտ պահի, կանացի պահի», - դիմելով Խաչատրյանին՝ ասաց Հովհաննես Ավանեսյանը, այնուհետև հրաժարվեց պատասխանել լրագրողների պարզաբանող հարցերին:

Ավագանին այսօր հաստատեց նաև «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը, որով մինչև 2030 թվականը լուծվելու են Երևանի համար ամենակարևոր բնապահպանական խնդիրները։

Ավագանին քննարկեց նաև քաղաքի տարբեր հատվածներում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու հարցը։ Դրանց մեծ մասը, ըստ զեկուցողների, տրամադրվելու է ՀԷՑ-ին՝ փոքր ենթակայաններ կառուցելու համար։ Այս նախագծերը կասկածելի թվացին «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչներին։

«Հիմա ես ուզում եմ հասկանալ, եթե մենք մեր բնակելի նշանակության հողակտորի իմաստը փոխում ենք և դարձնում ենք էլեկտրական, նորից տալիս ենք ՀԷՑ-ին և այսպիսով մաս-մաս մեր հողակտորները տրամադրում ենք Կիպրոսի՞ն, որպես գրավադրում», - հարցրեց Երկիր ծիրանիի» ներկայացուցիչը:

«Հարգելիս, եթե մենք ենթակայան չունենանք, տունը մոմի տակ ենք նստելու, էդ չե՞ք մտածում», - արձագանքեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը «Երկրի ծիրանիի» անդամներին կոչ արեց նիստին ներկայանալուց առաջ ուսումնասիրել բոլոր նախագծերը։ Հարցը դրվեց քվեարկության և ընդունեց Հանրապետականի ու «Ելքի» կողմ ձայներով։

«Երկրի ծիրանիից»Սոնա Աղեկյանը հայտարարեց, թե նրանք կողմ են քվեարկում, քանի որ նրանց երեխաներն այնտեղ չեն ապրում։ Այս ռեպլիկը դուր չեկավ «Ելքին», հակադարձեց խմբակցության ղեկավարը։

«Ես խնդրում եմ «Երկրի ծիրանի» խմբակցության անդամներին որևէ դիտարկում անելիս մտածել՝ արդյոք դա կարող է անդրադառնալ «Ելք» խմբակցությանը: Եթե այո, հարգելիներս, մեր անդրադարձը ձեզ լինելու է համարժեք: Եթե դուք տարածքները չեք ուսումնասիրել, իսկ ակնհայտորեն դուք դա չեք արել, ուրեմն չեք պատկերացնում՝ ինչ տարածքի մասին է խոսքը: Հիմա դուք եկել եք, հերիք չի խոսում եք տարածքի նշանակության փոփոխության մասին, մի հատ էլ ասում եք՝ ձեր երեխաները էդտեղ չեն ապրում: Մենք էլ ենք էդտեղ ապրում, գնացել ենք, տեսել ենք, դուք էլ գնացեք, ծանոթացեք», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

«Ուզում եմ ասել, որ մեր որևէ ելույթ անձնավորված չէ, այն ուղղված է ավելի շատ խնդրին», - Սիմոնյանին արձագանքեց «Երկրի ծիրանիից»Մարինա Խաչատրյանը:

Նիստի ավարտին քաղաքապետն ասաց՝ «Երկրի ծիրանիի» շնորհիվ նիստը ուրախ անցավ։ Տարոն Մարգարյանը, սակայն, չէր լսել, որ Հանրապետականի և «Ելքի» ավագանու անդամների միջև վեճը շարունակվել էր նաև միջանցքում։ Քաղաքապետը նշեց՝ հորդորել է բոլորին հարգել միմյանց։ Հաջորդ ավագանու նիստը հոկտեմբերի 31-ին է։

Նշենք նաև, որ «Երկրի ծիրանի» խմբակցության անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել ավագանուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG