Մատչելիության հղումներ

Եթե Սերժ Սարգսյանը ուզենա, ինքը անպայման կլինի վարչապետ․ ՀՀԿ պատգամավոր


Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան, արխիվ
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան, արխիվ

Միևնույն ժամանակ պատգամավորները հորդորում են չգերագնահատել անհատների դերակատարությունը:

ԱԺ-ի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց՝ ինքն օրերը չի հաշվում, թե երբ է հեռանալու գործող վարչապետը: Բայցև անկեղծացավ՝ ում որոշի Սերժ Սարգսյանը, նա էլ 2018-ի ապրիլին կդառնա մեծամասնության վարչապետի թեկնածուն:

Հաջորդ տարվանից Հայաստանը լիարժեք անցում կկատարի խորհրդարանական կառավարման ձևի, որտեղ երկրի ղեկը կլինի վարչապետի ձեռքում:

Հակոբյանը չի բացառում՝ Հանրապետականի թեկնածուն կարող է լինել նաև Սերժ Սարգսյանը․ - «Եթե Սերժ Սարգսյանը ուզենա, ինքը անպայման կլինի, որովհետև ինքն է կուսակցության ղեկավարը, և տվյալ պարագայում կուսակցության ղեկավարը պիտի լինի պատասխանատուն»:

ԱԺ-ի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Կարապետյանի ղեկավարած կառավարության գործունեության մեկ տարին գնահատում է բավարար: Այնուհանդերձ, կարծում է, որ այդ ընթացքում հայաստանցիների կյանքը շոշափելի չէր կարող բարելավել:

«Մենք նման թեմաների չենք անդրադառնում և քննարկումներ չենք կազմակերպում, բայց այն հիմքերը, որը մենք համարում ենք բավարար, ինքը [Կարեն Կարապետյանը] հնարավորություն կունենա այդ հիմքերը շարունակելու: Եվ վերջիվերջո, սա թիմային ծրագիր է, պատասխանատվությունը ամբողջ թիմինն է, ոչ միայն կառավարությանը: Մենք շատ ենք ֆետիշանում անհատների դերակատարության վրա: Մենք պետք է կարողանանք հասնել այն բանի, որ անհատի դերակատարությունը կարողանանք պակասեցնել և համակարգերը ավելի ամրապնդել», - ասաց Բաղդասարյանը:

Այս ընթացքում եղան նաև հանրապետական պատգամավորներ, որոնք բառապաշարի հնարավորությունները չխնայեցին՝ նկարագրելու համար՝ որքան շատ են ուզում Սերժ Սարգսյանին տեսնել նաև վարչապետի պաշտոնում:

ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանն, օրինակ, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել էր՝ անձամբ ինքն ուզում է, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական:

Վահրամ Բաղդասարյանը հորդորում է՝ «վատ» չընդունել այդ կարծիքները։

«Բնականաբար յուրաքանչյուրը ունի իր ֆենոմենը՝ քաղաքականության մեջ և ընդհանրապես արվեստի մեջ: Ցանկացած տեղում մարդիկ իրենց հոբբին ունեն: Եվ քաղաքականությունն էլ մի զատեք, որ կարող են անհատները ունենան նման տիպի ցանկություններ: Ես դա նորմալ եմ համարում, որովհետև գնահատականը տրվում է, որ նա գոհ է իր առաջնորդի աշխատանքից: Վատ մի ընդունեք դա», - ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը վարչապետի սեփական թեկնածուն չի ունենա: Արմեն Ռուստամյանն ասաց՝ կոալիցիոն հուշագրով այդ տեղը վերապահված է ՀՀԿ-ին:

Կո՞ղմ են, որ Կարեն Կարապետյանը 2018-ից հետո էլ մնա վարչապետի պաշտոնում հարցին ի պատասխան դաշնակցական պատգամավորը հայտարարեց՝ իրենց համար անձանցից ավելի կարևոր են ծրագրերը:

«Իրականացնողը ով կլինի․․․Մեր համար իհարկե կարևոր է, որ նա հոգով, սրտով էս գործը լիարժեք կարողանա կատարի, բայց էդպիսի մարդիկ շատ կան, և մեր համար անձը էդ առումով էդքան կարևորություն չունի», - ասաց Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանն այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանից ավելի լա՞վ կկառավարի: Երբ լրագրողը պնդեց հարցը, զայրացավ․ - «Ժամանակը ցույց կտա: Հարցազրույցը հարցաքննություն չի, միշտ խառնում եք դա իրար: Ուրիշ հարցեր ունե՞ք, ես գնամ իմ գործերին»:

ԱԺ-ի փոխնախագահ, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ նախընտրում է չխոսել հաջորդ վարչապետի թեմայով:

«Նախ հիմա դրա ժամանակը չի, հենց որ դրա ժամանակը գա․․․Եվ հստակ նորից մեր ղեկավարը ասեց, որ դա քաղաքական մեծամասնության գործն է», - արձագանքեց Միքայել Մելքումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG