Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրությունից մոտ մեկ տարի անց Գյումրիի ավագանին առաջին անգամ լիարժեք կազմով նիստ գումարեց


Գյումրիի ավագանու նիստ, արխիվ
Գյումրիի ավագանու նիստ, արխիվ

Գյումրիի ավագանին ընտրություններից մոտ 1 տարի անց առաջին անգամ լիարժեք կազմով գումարեց աշնանային առաջին նիստը: Մանդատների բաշխման կարգից դժգոհ երեք խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդը» ու ԳԱԼԱ-ն վերջերս որոշեցին դադարեցնել բոյկոտը ու «Բալասանյան» դաշինքի հետ մասնակցել քաղաքային խորհրդի աշխատանքներին: Ավագանու նախորդ նիստերից այս մեկը տարբերվեց և տևողությամբ, և նախագծերի շուրջ բարձրացված հարցերով:

Հոկտեմբերի 1-ին Գյումրիում անցկացվելիք քաղաքի օր միջոցառմանը 8 միլիոն դրամ է նախատեսվում ծախսել տեղական բյուջեից: ԳԱԼԱ խմբակցության անդամները քաղաքի գլխավոր ֆինանսիստից պահանջեցին, որ ծախսվելիք գումարն ամբողջությամբ ներկայացվի՝ թե որ ծառայության համար ում որքան գումար է վճարվելու:

ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները մտահոգություն ունեին, որ ծառայություն մատուցողների հետ հնարավոր կլինի, այսպես կոչված, գումարների «ատկատ» անել: Քաղաքապետ Բալասանյանը խոստացավ՝ թափանցիկությունը ապահովելու համար կնքված բոլոր պայմանագրերը կտրամադրեն ավագանու բոլոր անդամներին:

Այսօր Գյումրիի ավագանու հաստատմանը ներկայացվեց նաև կարիքավոր 160 ընտանիքի 10 հազարական դրամհատկացնելու նախագիծը: Այս հարցի շուրջ ևս բավականին թեժ քննարկում ծավալվեց, գործը հասավ փոխադարձ մեղադրանքների: ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանը առաջարկեց ավագանուն ուղերձով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին, որ տարիներ շարունակ Գյումրիում աշխատատեղեր ու տարբեր խստումներ տված հանրապետական պաշտոնյաները տեր կանգնեն իրենց խոսքին, այլապես 10-հազարական դրամներով սոցիալական վիճակը չի փոխվի:

Հարցն անաձագանք չմնաց: «Բալասնայան» դաշինքից հանրապետական Հրայր Կարապետյանը փորձեց պաշտպանելհարազատ կուսակցությանը, նաև հորդորեց ավագանու նիստը քաղաքական հարթակի չվերածել:

Արմենուհի Վարդանյանն էլ հիշեցրեց, որ ավագանին քաղաքական կառույց է, ու բացի այդ հարցն էլ ուղղված էր ավելի պատասխանատու քաղաքական ֆիգուրների: Ավագանու նիստին ներկայացված բոլոր հարցերն ընդունվեցին, թեև եղան դեմ արտահայտվողներ:

Բոլոր քաղաքական ուժերի ներկայությունն արդյոք դժվարությո՞ւն չի ստեղծում նախորդ մեկ տարին առանց ընդդիմադիրների աշխատած «Բալասանյան» դաշինքի համար, հարցրի Սամվել Բալասանյանին:

«Նույնիսկ ողջունելի է, որ եկան, սկսեցին աշխատել, առաջարկություններ կատարեցին, հարցեր տվեցին», - արձագանքեց Գյումրիի քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG