Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը դատարանում պնդեց, որ բարձրաստիճան ոստիկանները սպառնացել են հաշվեհարդար տեսնել իր հետ


Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ

Ծանր քրեական մեղադրանքներով ավելի քան մեկ տարի անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանն այսօր դատարանում հայտարարեց, որ բարձրաստիճան ոստիկաններն անցյալ տարի սպառնացել են հաշվեհարդար տեսնել իր հետ, եթե ինքը շարունակի մասնակցել Սարի թաղում և Խորենացի փողոցում ընթացող բողոքի ակցիաներին։ Ընդդիմադիր գործիչն ու նրա փաստաբանը պնդեցին՝ այս փաստը վկայում է, որ մեղադրանքները շինծու են։

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է անցյալ տարի հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու փորձի մեջ։ Ըստ պաշտպանական կողմի, Ղուկասյանը բարձաստիճան ոստիկաններից սպառնալիքը ստացել է հեռախոսով: Փաստաբան Կարեն Մեժլումյանն այսօր ընդգծեց՝ զանգերն իրավապահների կողմից գաղտնալսվել են, նա դատարանին միջնորդեց ապացույցների հետազոտման փուլում անդրադառնալ դրանց։

Այսօրվա դատաքննության ընթացքում դատարանն անդրադարձավ միայն Ղուկասյանի և նրա պաշտպանի մի քանի միջնորդություններին։ Դրանցից մեկով պաշտպանական կողմը պահանջում էր որպես վկա հարցաքննել հուլիսյան իրադարձություններից հետո պաշտոնանկ արված՝ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ու պարզել, թե ովքեր են ՊՊԾ գնդի տարածքը գրավելու կոչեր հնչեցրել, ինչի հիման վրա էլ Անդրիաս Ղուկասյանին մեղադրել են նաև «Սասնա ծռերին» միանալու փորձի մեջ։ Այս միջնորդությունը բարկացրեց դատավորին։

«Պարզ է, ակնհայտ է, որ Աշոտ Կարապետյանին պետք է հրավիրել՝ հարցաքննելու այս փաստերի հետ կապված»,- փաստաբանի այս խոսքին դատավորն արձագանքեց․ «Դատարանը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ, դատարանը արբիտրի դեր է կատարում: Հարգելիս, հիմա դուք ասում եք՝ դատարան, դուք վարույթն իրականացնող մարմին եք, պարզեք այդ մարդկանց: Դա իմ ֆունկցիան է՞, իմ ֆունկցիան արդարադատություն իրականացնելն է»:

Ղուկասյանը միջնորդեց նաև հետազոտել անցյալ տարվա հուլիսյան դեպքերի տեսանյութերը, որպես վկա ներգրավվել իր հետ այդ օրերին բողոքի ակցիաներին մասնակցած քաղաքական գործիչներին։ Այդ միջնորդություններին դատարանը կանդրադառնա հաջորդ շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG