Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Եվրոպական միությունից երկրի դուրս գալու մասին օրենքի նախագծին: Թերեզա Մեյի կառավարության հեղինակած փաստաթուղթը ընդունվել է 36 ձայնի առավելությամբ:
Օրինագծի ընդդիմախոսները՝ առաջին հերթին լեյբորիստները, կարծում են, որ պահպանողականները այդպիսով հերթական անգամ փորձում են ընդլայնել իրենց կաբինետի լիազորությունները: Վարչապետ Մեյը պնդում է, որ փաստաթղթի ընդունումը Բրյուսելից բաժանվելու ծրագրի հիմնաքարն է:
«Բրեքզիթ»-ի մասին օրինագիծը նախատեսում է առաջիկայում չեղարկել 1972 թվականի Եվրոպական համայնքների ակտը, որով երկիրը անդամակցել է Եվրոպական միությանը, ինչպես նաև Եվրամիության օրենքները փոխարինել բրիտանականով:
Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունները մեկնարկել են հունիսի 19-ին և կշարունակվեն մինչև 2018 թվականի վերջը: