Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնում են, որ երկրի հատուկ ծառայությունները կանխել են մայրաքաղաք Ռիյադում պաշտպանության նախարարության կենտրոնակայանը ռմբահարելու «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման փորձը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կեղծ փաստաթղթերով երկու եմենցիներ փորձել են պայթյուն իրականացնել իրենց հագուստին ամրացված պայթուցիկ սարքերի միջոցով: Նրանք, ինչպես նաև հարձակման փորձին առնչություն ունենալու մեջ կասկածվող ևս երկու սաուդցիներ ձերբակալվել են:
«Իսլամական պետություն»-ը տարիներ շարունակ Սաուդյան Արաբիային քննադատել է՝ մեղադրելով ԱՄՆ-ի շահերը առաջ մղելու և իսլամի խիստ կանոններից շեղվելու մեջ:
Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը օդային հարվածներով աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը «Հութի» շարժման զինյալների հետ պայքարում, որն էլ, իր հերթին, վայելում է Իրանի աջակցությունը: