Մատչելիության հղումներ

Բարսելոնայում Կատալոնիայի օրվան նվիրված բազմահազարանոց երթ է կայացել


Իսպանիա - Կատալոնիայի օրվան նվիրված երթը Բարսելոնայում, 11-ը սեպտեմբերի, 2017թ․
Իսպանիա - Կատալոնիայի օրվան նվիրված երթը Բարսելոնայում, 11-ը սեպտեմբերի, 2017թ․

Երեկ Բարսելոնայում բազմահազար կատալոնացիներ փողոց են դուրս եկել՝ նշելու Կատալոնիայի օրը:

1714 թվականի սեպտեմբերի 11-ին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ հինգերորդի զորքը մտել է Բարսելոնա, և նույն օրը Կատալոնիան կորցրել է անկախությունը:

Հանրահավաքը տեղի է ունեցել անկախության հանրաքվեի նախաշեմին: Չնայած դրան, ինչպես հաղորդում են միջազգային գործակալությունները, երկուշաբթի օրվա երթի մասնակիցների թիվը չէր գերազանցում նախորդ տարիների ցուցարարների թիվը: Անկախ դիտորդները նշում են 300 հազար հոգի, մինչդեռ երթի կազմակերպիչները հաղորդում են միլիոն ցուցարարի մասին:

Իսպանական իշխանությունները հայտարարում են հանրաքվեի անցկացումը կանխելու մտադրության մասին: Հուլիսի վերջին Իսպանիայի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ին նախատեսված հանրաքվեն անօրինական է:

Անկախության հարցով նախորդ հանրաքվեն Կատալոնիայում տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերին։ Իսպանիայի Սահմանադրական դատարանը Կատալոնիային պարտավորեցրել էր չեղարկել քվեարկությունը, այդ պատճառով հանրաքվեն ոչ-պաշտոնական էր։ Այդուհանդերձ, ընտրողների 80 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից անկախանալուն։

Կատալոնիայի 7.5 միլիոն ազգաբնակչությունը կազմում է Իսպանիայի բնակչության 16 տոկոսը: Այս երկրամասը արդյունաբերական առումով Իսպանիայի ամենազարգացած հատվածն է: Կատալոնացիները դժգոհում են, մասնավորապես, որ իրենց երկրամասը, լինելով երկրի ամենահարուստ շրջանը, տուժում է Իսպանիայի տնտեսական ճգնաժամի հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG