Մատչելիության հղումներ

Թուրքիայի ամենահին թերթերից «Ջումհուրիյեթ»-ը «փորձում են լռեցնել շինծու մեղադրանքով»


Այսօր Ստամբուլի տեղի է ունեցել «Ջումհուրիյեթ» պարբերականի խմբագիրների, լրագրողների և մյուս աշխատակիցների դեմ հարուցված դատական գործով երկրորդ նիստը:

Ընդդիմադիր պարբերականի 17 աշխատակից, որոնցից 5-ը դեռ կալանավորված են, մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ խմբավորմանը աջակցելու» և «խմբավորմանը անդամակցելու» մեջ: Նրանց 7,5-ից մինչև 43 տարվա ազատազրկում է սպառնում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գործընկերներին աջակցելու համար մի շարք լրագրողներ, իրավապաշտպան կազմակերպությունների անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, ընդդիմադիր պատգամավորներ այսօր հավաքվել են դատարանի շենքի դիմաց։ «Արդարություն ենք ուզում» գլխագրով «Ջումհուրիյեթ» պարբերականի այսօրվա համարը ձեռքներին նրանք բողոքի ձայն են բարձրացրել Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակման դեմ։

Ընդդիամադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներից Բարըշ Յարքադաշը ևս դատապարտել է թուրքական պարբերականի աշխատակիցների դեմ սկսված դատական գործընթացը։

«Թուրքիայում ավելի քան 180 լրագրող բանտում է գտնվում։ Տասնյակ ընդդիմադիր պարբերականներ, ամսագրեր, հեռուստաալիքներ, հրատարակչություններ և լրատվամիջոցներ փակվել են։ Հազարավոր լրագրողներ գործազուրկ են մնացել։ Լրագրողների նկատմամբ անթիվ դատական գործեր են հարուցված։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ լրագրողներ ազատազրկման են դատապարտվում։ Ընդդիմադիր թերթեր ու լրագրողներ հետապնդվում են իշխանության գործողությունները քննադատող ամեն հրապարակման համար։ Թուրքիայի ամենահին թերթերից «Ջումհուրիյեթ»-ը փորձում են լռեցնել շինծու մեղադրանքով։ Պարբերականի 5 աշխատակից շարունակում են կալանավորված մնալ», - հայտարարել է Յարքադաշը։

«Ջումհուրիյեթ» պարբերականի աշխատակիցների դատավարությանը, որը մեկնարկել է հուլիսի վերջին, հետևում է նաև միջազգային հանրությունը: Օրերս Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին ներկայացնող պատվիրակությունը «խոսքի ազատության և ահաբեկչության դեմ պայքարի» թեմայով Անկարայում հանդիպել է արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։ Եվրոպացի պաշտոնյաները թուրքական պատկան մարմիններին կոչ են արել հավատարիմ մնալ Եվրոպայի մարդու իրավունքների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին։

Անցած տարվա հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սկսված պատժիչ գործողությունների արդյունքում հարյուրավոր լրագրողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, հարյուրավոր լրատվամիջոցներ փակվել են, հազարավոր մարդիկ զրկվել աշխատանքից։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ՝ այս քայլով թուրքական իշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիր ձայները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG