Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրած Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը ավանդաբար մեկնարկում է սեպտեմբերին՝ հայ երաժշտասերներին հնարավորություն ընձեռելով ունկնդրել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտների:

11-րդ փառատոնի անդրանիկ համերգի ծրագրում հնչում են Չայկովսկու, Մոցարտի և Բորոդինի ստեղծագործությունները: Դիրիժորական վահանակի մոտ ՀՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանն է: Մենակատարներն են իտալացի հանրահայտ կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն և 15-ամյա ռուսաստանցի հրաշամանուկ, դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը:

Համերգին նախորդած ասուլիսում ՀՖՆ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանն ասաց․ - «Ալեքսանդրը արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, և կարծում եմ, մեր լսարանը, մեր հանդիսատեսը արդեն շատ սիրել է նրան: Այսօր նա համաշխարհային մեծ նվագախմբերի հետ է ելույթ ունենում: Շատ մեծ դժվարությամբ ընդամենը մեկ օրով կարողացել ենք իրեն ուղղակի բերել: Եվ պարոն Կարբոնարեն, որի դեպքում էլ մեզ շատ դժվարությամբ հաջողվեց»:

Ռուսատանցի պատանի տաղանդաշատ դաշնակահարը ցավով նշեց, որ երբ գալիս ես որևէ քաղաք հյուրախաղերի, շատ քիչ ժամանակ է մնում ծանոթանալու քաղաքին, այդուհանդերձ, իրեն շատ դուր է եկել թե՛ մեր քաղաքը, թե՛ մեր երկիրը և թե՛ այստեղ ապրող մարդիկ:

Իտալացի կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն առաջին անգամ է Հայաստանում: Նա ասաց, որ կլարնետ սկսել է նվագել 5 տարեկանից, քանի որ իրենց ընտանիքում փողային գործիքներով շատ էին տարված և կլարնետն իր խաղալիքներից մեկն էր: Այսօր նա հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ:

Այսօրվանից սկսվող փառատոնը կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը: Մեկ տասնյակից ավելի համերգներին հանդես կգան ամենատարբեր երկրներից հրավիրված անվանի երաժիշտներ:

«Այս տարի նաև հոբելյանական տարեթվերին ենք անդրադարձ կատարելու: Ամսի 18-ին մենք կունենանք համերգ՝ նվիրված Այվազովսկու 200-ամյակին և Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությամբ ուզեցել ենք կապել միմյանց հետ: Օհան Դուրյանի ծննդյան տոնին նվիրված կլինի մեր փակման համերգը: Ուզում եմ առանձնացնել հատուկ, որ փառատոնի մեխերից մեկը նաև Ռուբեն Ահարոնյանի 70-ամյակին նվիրված համերգն է: Մաեստրոն գոնե վերջին 15 տարում որպես մենակատար հանդես չի եկել Երևանում, և ես կարծում եմ, որ բոլորը անհամբերությամբ կսպասեն: Նաև Անկախության տոնին նվիրված համերգ ունենք սեպտեմբերի 24-ին, որտեղ Սուրեն Բագրատունին ելույթ կունենա Վաչե Շարաֆյանի թավջութակի կոնցերտով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG