Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը


ՄԱԿ-ի գլխավոր կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

Նյու Յորքում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Այսօր Նյու Յորքում բացվում է մոլորակի ամենահեղինակավոր միջազգային կառույցի՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը:

Ընդհանուր բանավեճը, որի ընթացքում ուղերձներով հանդես կգան պետությունների նախագահները, վարչապետերը կամ արտգործնախարարները, սկսվելու է մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 19-ին:

Այս տարվա Ընդհանուր բանավեճի առանցքային թեման է՝ «Կենտրոնացում մարդկանց վրա, ձգտում կայուն մոլորակի վրա բոլոր մարդկանց համար խաղաղության և բարենպաստ կյանքի»:

72-րդ նստաշրջանին ընդառաջ ՄԱԿ-ը հրապարակել է օրակարգին վերաբերող փաստաթղթեր, որոնք առնչվում են կրթությանը, բնապահպանությանը և սոցիալական զարգացմանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանը նախագահելու է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Նա ասել է, որ իր նախագահության առաջնահերթություններն է համարում շարքային մարդկանց կյանքի բարելավումը, հարատև խաղաղությանն ուղղված բանակցությունները, միգրացիան, զարգացման կայուն նպատակների քաղաքական խթանումը, կլիման և մարդու իրավունքների ու հավասարության հարցերը:

Նստաշրջանին զուգահեռ՝ Նյու Յորքում տեղի կունենան Համաշխարհային նպատակների շաբաթը և Կլիմայի հիմնախնդրի շաբաթը:

Ընդհանուր բանավեճի ավանդական ընթացակարգով 193 երկրների և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կամ կազմավորումների ներկայացուցիչներին ելույթի համար տրվում է 15 րոպե, սակայն պատմության ընթացքում բանախոսները հաճախ են գերազանցել այդ սահմանափակումը:

Ամենաերկար ճառով հանդես է եկել Կուբայի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով 1960 թվականի սեպտեմբերի 26-ին խոսել է 269 րոպե:

Միացյալ Նահանգների նախագահներից ամենաերկար ելույթները Բարաք Օբամայինն էին՝ ՄԱԿ-ում նրա ուղերձների միջին տևողությունը 38 րոպե էր:

72-րդ նստաշրջանն առաջինն է ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի համար: Ընդհանուր բանավեճի նախօրեին Թրամփը կազմակերպելու է համաժողով, որի ընթացքում կներկայացնի իր հայեցակարգը ՄԱԿ-ի կառուցվածքային փոփոխության վերաբերյալ:

Ռուսաստանը հաղորդել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա Ընդհանուր բանավեճին չի մասնակցի, նրա փոխարեն Նյու Յորք կմեկնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին:

Հայաստանը ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանում կներկայացնի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG