Մատչելիության հղումներ

Բողոքում են Վերնիսաժում իրենց տեղերը կորցրած առևտրականները


Վերնիսաժի մոտ երկու տասնյակ առևտրականներ, որոնց հանգստյան օրերին չէին թույլատրել տարածքում առևտուր անել, այսօր բողոքի ակցիայով եկել էին քաղաքապետարան։

«Ազատության» հետ զրույցում նրանք պատմեցին, որ նախորդ շաբաթ իրենց տեղեկացրել են, թե Բյուզանդի փողոցին հարակից տարածքում այլևս կանգնել չեն կարող։ Հնաոճ իրերի վաճառականներին բարկացրել է հատկապես այն, որ տարածքի վարձակալը իրենց սեղանիկներ չի տրամադրում նաև կահավորված հատվածում եւ այդկերպ զրկում է իրենց օրվա հացից։

«Կարելի՞ ա վերջի օրով գալ, ասել, որ էլ չեք կանգնելու, ոստիկանությանը, քաղաքապետարանի աշխատողներին բերեն․․․ Մենք ո՛չ քաղաքական հանցագործ ենք, ո՛չ էլ մի անշնորհք բան ենք անում: Բոլորը ստեղ տարեց մարդիկ են, որոնք իրանց օրվա հացի փողի համար են պայքարում», - ասաց բողոքավորներից մի տարեց կին:

Առևտրականները պնդում են, որ վաճառում ենք այն, ինչ թույլատրված է ավագանու կողմից հաստատված ցանկում։ Նրանց տեղեկություններով, այդ տարածքում պետք է ավտոկայանտեղի լինի։ Վաճառականները վրդովված են՝ վարձակալը մեղքը գցում է քաղաքապետարանի, քաղաքապետարանն էլ՝ վարձակալի վրա․ - «Վերնիսաժի տնօրինությունը մեզ ասում ա՝ պայքարեք, որ թողնեն դուք ստեղ կանգնեք: Սրանք էլ՝ քաղաքապետարանի անձնակազմը ասում ա՝ թող ձեր տնօրենը ձեզ տեղավորի»:

Քաղաքապետարանի առջև հավաքված առևտրականներին մոտեցավ ընդհանուր բաժնի պետն ու հրավիրեց ներս՝ խոստանալով, որ նրանց անպայման կընդնեն համապատասխան պաշտոնյաները։ Սակայն առևտրականները ստիպված եղան սպասել մոտ 2 ժամ, քանի որ հարցի պատասխանատուները մասնակցում էին գործակարգավարական նիստին։ Երկար սպասումից ոմանց նյարդերը տեղի տվեցին․ կրկին դուրս եկան ու սպառնացին՝ եթե իրենց չեն ընդունում, պատրաստ են անգամ փողոց փակել։

«Էս կառավարությունը ե՞րբ ա ուշքի գալու։ Չեք օգնում մարդկանց, գոնե մի խանգարեք, թողեք մարդիկ ապրեն», - վրդովվում էր նրանցից մեկը:

Բորբոքված առևտրականներին կրկին առաջարկեցին ներս մտնել։ Նրանց հետ հանդիպման եկավ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը՝ վստահեցնելով, թե խնդրին ծանոթ է, և հավելեց, որ հարցը կփորձեն լուծել վարձակալի հետ միասին քննարկումների միջոցով:

Օհանյանի խոսքով՝ սկզբունքը հստակ է, փողոցային հատվածում առևտուր չպետք է լինի։ Փոխքաղաքապետը նաև նշեց՝ դեռ նորոգման փուլում վարձակալն իրենց վստահեցրել էր, որ չկան այնպիսի մարդիկ, որոնք վաճառում են թույլատրելի ապրանք և հետագայում կարող են զրկվել տեղից։

Վաճառականները Դավիթ Օհանյանին ասացին, որ վարձակալն էլ մեղքը գցում է քաղաքապետարանի վրա ու իրենց դրդում պայքարել ներքևի հատվածում կանգնելու համար։

Օհանյանը խոստացավ առևտրականներին հուզող հարցի պատասխանը տալ առաջիկա 3-4 օրվա ընթացքում։

Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում Վերնիսաժի տարածքը վարձակալած ընկերության տնօրեն Պավել Գուրօղլյանը նշեց, որ այսօր արդեն քաղաքապետարանի աշխատակցները եղել են տարածքում, և Տարոն Մարգարյանից հանձնարարական կա՝ առևտրականների համար սեղանիկներ ապահովել․ - «Հիմա ուզում ենք հասկանանք, թե էդ ժողովրդին որտեղ տեղավորենք․․․ Չորս օրվա մեջ, կարծում եմ, ամեն ինչ պարզ կլինի, կկարողանանք ժողովրդին տեղավորել իրենց տեղերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG