Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ սեպտեմբերի 10-11-ը հրաժեշտի մի շարք հանդիպումներ է ունեցել։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սիրիական ճգնաժամի հետևանքով Հալեպի հայ համայնքի առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման ընթացքին։
Բերիո թեմի առաջնորդը բարձր է գնահատել Տիգրան Գևորգյանի մեծ դերը սիրիական հակամարտության դժվար օրերին Հալեպի հայ համայնքին նեցուկ կանգնելու և բոլոր հնարավոր միջոցներով օգնության հասնելու գործում՝ առանձնահատուկ ընդգծելով հյուպատոսի մեծ ավանդը Հայաստանից Սիրիա ուղղարկված մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու գործընթացի կազմակերպման աշխատանքներում։
Շահան արքեպիսկոպոսը գոհունակություն է հայտնել Գևորգյանի՝ Լաթաքիայում և Քեսապում արտագնա հյուպատոսական ծառայություններ մատուցելու նախաձեռնության առնչությամբ, որի շնորհիվ տեղում կազմակերպվում էր Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ անձնագրերի հանձնման գործընթացը՝ այդ կերպ նրանց ազատելով ստեղծված վտանգավոր պայմաններում հարյուրավոր կիլոմետրեր անցնելու անհրաժեշտությունից։
Տիգրան Գևորգյանը հանդիպում է ունեցել նաև Սիրիայում ՀՅ Դաշնակցություն կուսակցության ղեկավար կազմի հետ, իսկ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սիրիայի մասնաճյուղը Հայաստանի հյուպատոսի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպել է հատուկ ձեռնարկ: